Մատչելիության հղումներ

Համանախագահները հերքում են ղարաբաղյան խնդրի շուտափույթ կարգավորման մասին լուրերը


ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան երեկ Երեւանում հերքեց Հայաստանում հնչած մեկնաբանությունները, թե մեկ ամիս անց Լեռնային Ղարաբաղի հարցով համաձայնագիր է կնքվելու, այդ թվում` գաղտնի արձանագրություն, որով Հայաստանը մի շարք պարտավորություններ է ստանձնելու:

«Դա բացարձակապես ճիշտ չէ: Մենք, իհարկե, կցանկանայինք, որ համաձայնագրի ձեռք բերման վերջնական փուլում լինեինք, բայց դա այդպես չէ», - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից հետո կայացած ասուլիսում լրագրողներին ասաց Մեթյու Բրայզան: - «Ես կարող եմ ընդամենը ասել, որ նոյեմբերի 2-ին Մոսկվայում տեղի ունեցած հանդիպումից հետո երկու նախագահների տրամադրվածությունը նշանակալիորեն բարելավվել է»:

Ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասիեն, իր հերթին, նշեց, թե կարեւոր է հասկանալ, որ իրենք այժմ գտնվում են խաղաղության համաձայնագրի մշակման նախնական փուլում, տվյալ դեպքում` գլխավոր, հիմնարար սկզբունքների ձեւակերպման փուլում:

Ռուսաստանցի համանախագահ Յուրի Մերզլյակովը դժվարացավ հայտնել, թե ե՞րբ է հնարավոր կողմերի միջեւ կոնկրետ համաձայնության ձեռք բերումը. - «Կողմերի համաձայնությունը խնդրի կարգավորման հիմնարար սկզբունքների շուրջ դեռեւս չի նշանակում խաղաղության համաձայնագրի մշակում: Հիմնարար սկզբունքների եւ խաղաղության համաձայնագրի կոնկրետ հոդվածների միջեւ տարբերությունը պետք է հասկանալի լինի: Այնպես որ, դա ոչ թե 2-3 շաբաթ, ոչ թե 2-3 ամիս, այլ ավելի երկարատեւ ժամակահատված է պահանջում»:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե, հաշվի առնելով Հայաստանի, Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի նախագահների հետ իրենց հանդիպումները` որքանո՞վ են Ղարաբաղյան հակամարտության կողմերն այսօր պատրաստ գնալ փոխզիջումների, եւ արդյոք այդ ուղղությամբ կա՞ որոշակի առաջընաց` Մեթյու Բրայզան պատասխանեց, թե չի կարծում, որ նախագահները բանակցությունները դիտարկում են իբրեւ փոխզիջումների գնալու հնարավորություն, այլ` հակամարտությունը մյուս նախագահի աչքերով տեսնելու մի նոր հնարավորություն, որը թույլ կտա խնդրի լուծման այնպիսի ուղիներ գտնել, որոնք ընդունելի են բոլոր կողմերի համար:

Անդրադառնալով տարածքների վերադարձի խնդրին` լրագրողները հետաքրքրվեցին, թե արդյո՞ք Մեթյու Բրայզան իսկապես Բաքվում ասել է, որ հայկական կողմը նախ պետք է վերադարձնի տարածքները, ինչից հետո կքննարկվի հանրաքվեի հարցը:

«Այն, ինչ ես ասել եմ այդ հարցազրույցում, հետեւյալն է` որ անհրաժեշտ է հավասարակշռված համաձայնություն, որը կպարունակի երկու կողմերի համար ցանկալի տարրեր, բայց այդ լրագրողը կամ նրա խմբագիրը որոշել են աղավաղել այն, ինչ ես ասել եմ` փորձելով այն ներկայացնել առավել շահեկան իրենց համար», - ասաց Բրայզան:

Հարցին` արդյոք համանախագահները չե՞ն կարծում, որ առանց Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը ամրագրելու հնարավոր չէ որեւէ լուծման հասնել, եւ եթե խոսվում է 5 շրջաններից հայկական զորքերի դուրսբերման մասին, ապա արդյո՞ք այդ դեպքում քննարկվում է Շահումյանից եւ Արծվաշենից ադրբեջանական զորքերի դուրսբերման հարցը, Յուրի Մերզլյակովը արձագանքեց, որ «առաջին հերթին պետք է հասկանալ, թե ո՞ր Ղարաբաղի անկախության մասին է խոսքը` ա՞յն, որ գտնվում էր խորհրդային Ադրբեջանի կազմում, թե՞ այն Ղարաբաղի, որ իրեն հռչակեց 1991 թվականին, կամ գուցե ներկայի՞ս Ղարաբաղի». - «Եթե խոսքը ներկայիս Ղարաբաղի մասին է, ապա պետք չէ խոսել Շահումյանի մասին, իսկ եթե ասում ենք` եկեք խոսենք անկախության մասին, գումարած` Աղդամի, Մարտունու, Մարտակերտի, Ֆիզուլիի եւ մյուս շրջանների, ապա, կարծում եմ, պետք է իրատես լինել»:

Ինչ վերաբերում է բուն տարածքների վերադարձի խնդրին, ապա Մերզլյակովն ասաց, թե դրանք «հենց այնպես» չեն վերադարձվելու, քանի որ այդ տարածքները ներկայումս էական դեր են խաղում Ղարաբաղի ժողովրդի անվտանգության ապահովման գործում. եթե գտնվեն համարժեք այլ ուղիներ, այդ թվում` անվտանգության միջազգային երաշխիքներ, ապա այդ տարածքները, ըստ ռուսաստանցի համանախագահի, կարող են վերադարձվել:

Ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասիեն նշեց, որ ներկայումս Ղարաբաղի անվտանգությունը ապահովվում է Հայաստանի եւ Ղարաբաղի կողմից, ինչին ընդդիմանում է Ադրբեջանը: Իսկ այն, ինչին իրենք փորձելու են հասնել ապագայում, ըստ Ֆասիեի, հետեւյալն է` որ Ղարաբաղի ժողովրդի անվտանգությունը ապահովվի համալիր միջոցառումներով եւ միջազգային երաշխիքներով: Միաժամանակ, այս ամենի վերաբերյալ պետք է լինի Ադրբեջանի համաձայնությունը:

Մեթյու Բրայզան հավելեց, թե իրենք չեն խոսում ապառազմականացման մասին, այլ պարզապես Ղարաբաղի ժողովուրդը պետք է իրեն անվտանգ զգա` թե' ֆիզիկական հարձակումներից, թե' տնտեսական ճնշումներից:

Համանախագահների անունից անհանգստություն հայտնելով երեկ տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ, երբ ադրբեջանական զինուժը Ղարաբաղի պաշտպանական դիրքերը ճեղքելու փորձ էր արել, Բրայզան ընդգծեց. - «Ե'վ Հայաստանում, ե'ւ Ղարաբաղում, ե'ւ Ադրբեջանում կան մարդիկ, ում դուր չի գալիս, որ մենք գնում ենք խնդրի խաղաղ կարգավորման ճանապարհով: Եվ նրանց հաղթելու մի ճանապարհ կա, այն է` ավարտին հասցնել մեր համաձայնագիրը, իսկ դա բոլոր կողմերից խիզախ որոշումներ է պահանջում»:

Ըստ Մինսկի խմբի համանախագահների` դեկտեմբերի 4-5-ը Հելսինկիում կայանալիք ԵԱՀԿ-ի արտգործնախարարների հանդիպման շրջանակներում տեղի կունենա Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը: Իսկ թե երբ կհանդիպեն երկու երկրների նախագահները` դեռեւս պարզ չէ:


Ռուզաննա Ստեփանյան

(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG