Մատչելիության հղումներ

«Տեղեկություն ստանալու ազատության մասին» օրինագիծը հասարակական կազմակերպությունների մտահոգությունն է հարուցել


Արդարադատության նախարարության կողմից մշակվել է «Տեղեկություն ստանալու ազատության մասին» օրենքի նախագիծը, որը ընդունվելու դեպքում կփոխարինի «Տեղեկատվության ազատության մասին» օրենքին: Մի շարք հասարակական կազմակերպություններ մտահոգություն են հայտնում, որ առաջարկվող օրինագծի ընդունման դեպքում զգալի հետընթաց կգրանցվի տեղեկատվության ազատության ոլորտում:

«Շատ լրագրողական կազմակերպություններ եւ միջազգային կազմակերպություններ համարում են, որ այս [«Տեղեկատվության ազատության մասին»] օրենքը ունի բարեփոխելու կարիք, բայց դրա հետ մեկտեղ ընդգծում են, որ նոր օրենքի անհրաժեշտություն չկա, որովհետեւ դա մեր լավագույն օրենքներից մեկն է, բավական լավ գործում է», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը:

Գործող օրենքը չունի համապատասխան ենթաօրենսդրական ակտեր, որոնցով հնարավոր լինի ապահովել օրենքի լիակատար իրագործումը: Կառավարությունը, որը պետք է ընդուներ այդ ակտերը օրենքի ուժի մեջ մտնելուց` 2003 թվականից ի վեր, չի ընդունել դրանք: Արդարադատության նախարարության աշխատակազմի իրավական ակտերի փորձաքննության վարչության պետաիրավական բաժնի պետ Արտակ Գեւորգյանի հավաստմամբ` նոր օրենքի նախագիծը ներկայացնելու հիմնական պատճառը այդ խնդիրն է եղել:

Գործող օրենքի հիման վրա արդեն կան 35 դատական որոշումներ, որոնց 80 տոկոսից ավելին եղել է մարդու` տեղեկատվություն ստանալու խախտված իրավունքը վերականգնելու օգտին, տեղեկացնում է Ինֆորմացիայի ազատության կենտրոնը: Ըստ կենտրոնի տարածած տեղեկանքի, նոր օրենքի նախագիծը մի շարք լուրջ բացթողումներ է պարունակում: Մասնավորապես, գործող օրենքը պաշտպանության տակ է առնում վիճելի դեպքերում տեղեկատվության արտահոսք թույլ տված պաշտոնյաներին, մինչդեռ նոր օրենքի նախագիծը նման բան չի նախատեսում: Բացի այդ, ըստ Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հանրային կապերի պատասխանատու Անահիտ Քոչարյանի, նոր օրինածով ավելացվում են տեղեկատվության սահմանափակման հնարավորությունները. գործող օրենքով սահմանված 5 խումբ գաղտնիքների ցանկի փոխարեն նոր օրենքի նախագծում արդեն 15 խումբ է ներառված:

Օրինագիծն ուղարկվել է միջազգային փորձաքննության, եւ միջազգային փորձագետների գնահատականից մեծապես կախված է նախագծի ներկայացումը Ազգային ժողով եւ կառավարություն:


Տաթեւիկ Լազարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG