Մատչելիության հղումներ

Նարեկ Սարգսյան. «Հյուսիսային պողոտան ամբողջական տեսք կունենա երկու տարի հետո»


Երեւանի Հյուսիսային պողոտան ամբողջական տեսք կունենա միայն երկու տարի հետո: Այսօր` Հյուսիսային պողոտայի բացման պաշտոնական արարողությունից մեկ տարի անց, «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում այդ մասին ասաց Հայաստանի գլխավոր ճարտարապետ, քաղաքաշինության փոխնախարար Նարեկ Սարգսյանը` ափսոսանք հայտնելով, որ իր հեղինակած նախագիծն ավարտին հասցնելու տեմպերը նվազել են:

«Պողոտայի հետիոտն մասում դեռեւս պետք է տեղադրվեն քանդակներ, պետք է կանաչ գոտին ավելացվի` մենք չունենք դրա տեխնոլոգիաների փորձը: Մենք պետք է պողոտայում ավելացնենք ջրային մակերեսները», - առաջիկա աշխատանքները թվարկեց Նարեկ Սարգսյանը: Ճարտարապետը նշեց, որ նախ անհրաժեշտ է ամբողջապես ավարտել շենքերի շինարարությունը, այնուհետեւ հարկավոր է ունենալ շենքերի ճակատների գիշերային գեղարվեստական լուսավորություն, «որովհետեւ հայտնի չէ, թե այդ շենքերը, ի վերջո, ի՞նչ աստիճանի բնակեցված կլինեն»:

«Ապագայի իմ պատկերացումներով` այդտեղ կլինի ավելի մշակութային հատված, կլինեն շրջիկ թատրոններ, ուրախալի է, որ տեսնում եմ նկարիչների, երաժիշտների», - պողոտայի «էլիտար» կոչվող շենքերի թերի բնակեցվածությանն անդրադառնալով` ասաց Սարգսյանը:

Փետրվարի 19-ի նախագահական ընտրություններից հետո Հյուսիսային պողոտան դարձավ ընդդիմության բողոքի ակցիաների անցկացման ու ընդդիմադիր ակտիվիստների «քաղաքական զբոսանքի» վայր: Մեկնաբանելով այդ հանգամանքը` Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանը հայտարարեց. - «Դեպքերի բերումով, երբ արտակարգ իրավիճակից հետո ժողովուրդը նորից ոտքի էր կանգնում, իշխանությունները` իրենց բարբարոսական գործողություններով, իրենք ժողովրդին քշեցին հենց Հյուսիսային պողոտա: Այսպիսով, բնական ձեւով որոշվեց այն տեղը, որը դառնալու էր պատմական եւ խորհրդանշական` մեր շարժման համար»:

«Պետք է հասկանալ, որ հասարակական տարածք է ստեղծվել` մեկ հեկտարից ավելի, Երեւանի կենտրոնում, իսկ հասարակությունը բաղկացած չէ միայն այն մարդկանցից, ովքեր սիրում են իշխանությանը: Ամենակարեւորը` որ հայ ժողովուրդը օգտվում է այդ հասարակական տարածքից», - իր նախագծած պողոտայի` ընդդիմության բողոքի ակցիաների նախընտրած վայր դառնալը այսպես մեկնաբանեց Նարեկ Սարգսյանը:

«Կառուցեց Ռոբերտ Քոչարյանը, կայացրեց` Լեւոն Տեր-Պետրոսյանը», - ամփոփեց Հայաստանի գլխավոր ճարտարապետը:


Հովհաննես Շողիկյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG