Մատչելիության հղումներ

Խոսքը «106 բանաձեւ» ֆիլմի կամ երկարամետրաժ տեսահոլովակի մասին է, որի գաղափարը Ֆլորա Մարտիրոսյանինն է: 8,5 րոպե տեւողությամբ այս ֆիլմում ընդգրկված են հայտնի երեք ստեղծագործություններ` «Դլե յաման», «Ադանա» եւ «Քելե լաո»: Ստեղծագործությունների այս շարանը ուղեկցվելու է հոլիվուդյան աստղ Շերոն Սթոունի եղբոր` Մայքլ Սթոունի գրած բանաստեղծությամբ:

Արդեն չորս ամիս է, ինչ ֆիլմի նկարահանումները սկսվել են: Նախորդ տարի Ֆլորա Մարտիրոսյանի` Լոս Անջելեսում կայացած մենահամերգի ժամանակ երգչուհու հետ բեմում հանդես եկել նաեւ Մայքլ Սթոունը` իր գրած բանաստեղծություններով, եւ հենց այստեղից էլ ծագել է գաղափարը` ստեղծել համատեղ մի ժապավեն, որը ուղղված կլինի բռնությունների, ցեղասպանությունների դեմ:

Ժիրայր Դադասյանն ասում է, որ ֆիլմում շեշտը դրված է տարբեր ազգերի ներկայացուցիչ երիտասարդների վրա: «Մեր ֆիլմում կա փորձ` երիտասարդների կողմից պարզելու, թե ինչ է տեղի ունեցել տարիներ առաջ եւ ինչ ցեղասպանության մասին է խոսքը», - նշում է ռեժիսորը:

Որոշ նկարահանումներ պետք է կատարվեն նաեւ Թուրքիայի տարածքում. Ժիրայր Դադասյանի հավաստմամբ` ամեն բան արդեն որոշված է, եւ նկարահանման հետ կապված որեւէ խնդիր չպետք է առաջանա: Հունվար-փետրվար ամիսներին նկարահանումներ կկատարվեն նաեւ Հունաստանում: Ֆիլմի բյուջեն 11 միլիոն դրամ է:
Իսկ իրականում ի՞նչ ժանրի է պատկանում այս ֆիլմը, որը ինչ-որ չափով կարելի է նաեւ տեսահոլովակ կոչել` ռեժիսորը ինքն էլ դժվարացավ պատասխանել, սակայն նշեց, որ նախընտրում է այն կոչել ֆիլմ` կարճամետրաժ երաժշտական ֆիլմ:

«Ֆիլմի պատրաստ լինելուն պես հանրահայտ դերասանուհի Շերոն Սթոունը խոստացել է նպաստել ֆիլմի միջազգային տարածմանը», - ասում է Ֆլորա Մարտիրոսյանը:

«Չի բացառվում, որ ապրիլին ֆիլմի պրեմիերային ներկա լինի Շերոն Սթոունը: Դա, իհարկե, կապված է մի շարք խնդիրների հետ, սակայն դերասանուհին Հայաստան գալու պատրաստակամություն հայտնել է», - նշում է Ֆլորա Մարտիրոսյանը:

Ֆիլմը նախատեսվում է ցուցադրել հաջորդ տարի ապրիլի 24-ին` Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը:


Անի Թադեւոսյան

(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG