Մատչելիության հղումներ

logo-print

Հովիկ Աբրահամյանը արդյունավետ է համարում իր առաջին պաշտոնական այցը Մոսկվա


Հայաստանի Ազգային ժողովի նախագահի պաշտոնում իր առաջին այցը Մոսկվա Հովիկ Աբրահամյանը գնահատել է դրական եւ արդյունավետ:

Ազգային ժողովի նախագահի առաջին հանդիպումը տեղի է ունեցել Ռուսաստանի Պետդումայում, որտեղ Պետդումայի խոսնակ Բորիս Գրիզլովի հետ ստորագրվել է միջխորհրդարանական պայմանավորվածությունները ավելի արդյունավետ դարձնելու անհրաժեշտության մասին հուշագիր: Հուշագրում հատուկ կետով նշված է երկու երկրների միջեւ ստորագրված համաձայնագրերի եւ պայմանագրերի կատարման նկատմամբ խորհրդարանական առավել արդյունավետ վերահսկողության անհրաժեշտությունը:

Գրիզլովի հետ հանդիպման ժամանակ Հովիկ Աբրահամյանը անդրադարձել է Մայնդորֆյան հռչակագրին` կարեւորելով եւ դրական գնահատելով Ռուսաստանի վերջին նախաձեռնությունները ղարաբաղյան բանակցային գործընթացում:

Հայաստանի Ազգային ժողովի նախագահի ղեկավարած պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել նաեւ Ռուսաստանի խորհրդարանի վերին պալատում` Դաշնության խորհրդում:

Կարեւորելով հանդիպումները Ռուսաստանի խորհրդարանում` Հովիկ Աբրահամյանը հատուկ շեշտել է եվրոպական կառույցներում համակարգված դիրքորոշում դրսեւորելու եւ տնտեսական ու ֆինանսական ճգնաժամի այսօրվա պայմաններում հայ-ռուսական տնտեսական շփումների մակարդակը բարձրացնելու անհրաժեշտությունը:

Այսօր կայացած քննարկումների ընթացքում, ըստ Աբրահամյանի, բարձրացվել է Ռուսաստանին կոնցեսիոն կառավարման հանձնված հայկական գործարաններում ռուսական ներդրումների շարունակման անհրաժեշտության հարցը:

Հովիկ Աբրահամյանը Մոսկվայում Հայաստանի դեսպանության շենքում հանդիպել է նաեւ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի հետ: Հանդիպման օրակարգի հիմնական կետերից մեկը եղել է եկող տարվա առաջին կեսին ՀԱՊԿ-ի անդամ երկրների խորհրդարանների ղեկավարների հավաքը, որը կայանալու է Հայաստանում:


Ազա Բաբայան, Մոսկվա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG