Մատչելիության հղումներ

Ղարաբաղի ԱԳՆ. «Ադրբեջանական զինուժը Ղարաբաղի պաշտպանական դիրքերը ճեղքելու անհաջող փորձ է արել»


Նոյեմբերի լույս 16-ի գիշերը Ադրբեջանի զինված ուժերի հատուկ նշանակության ջոկատը Լեռնային Ղարաբաղի զինված ուժերի դիրքերի հարավ-արեւելյան ուղղությամբ փորձել է ճեղքել Ղարաբաղի պաշտպանության բանակի թիկունքը, սակայն ղարաբաղցի զինծառայողների ձեռնարկած գործողությունների արդյունքում ետ է մղվել նախկին դիրքեր` տալով առնվազն մեկ զոհ: Այդ մասին ասված է Ղարաբաղի արտգործնախարարության այսօրվա հայտարարությունում:

Ղարաբաղի արտգործնախարարությունը հատկապես շեշտում է այն հանգամանքը, որ միջադեպը տեղի է ունեցել ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների եւ ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի ղարաբաղյան այցի ընթացքում, այն բանից հետո, երբ Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահները Մոսկվայում հռչակագիր ստորագրեցին հակամարտության քաղաքական լուծում որոնելու մասին:

Նշելով, որ միջադեպը այս տարվա ընթացքում հրադադարի գոտում ադրբեջանական կողմի նախաձեռնած առաջին հարձակումը չէ, Ղարաբաղի արտգործնախարարությունը հերթական անգամ միջնորդների եւ միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել է խաղաղ կարգավորման անխուսափելիության, հրադադարի ռեժիմի ամրապնդման անհրաժեշտության վրա, եւ միջադեպի ամբողջ պատասխանատվությունը դրել է Ադրբեջանի ղեկավարության վրա:

Ղարաբաղի ղեկավարության պաշտոնական տեսակետն արտահայտող համապատասխան նոտա է հղվել ԵԱՀԿ-ի գործող նախագահին եւ ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցիչին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG