Մատչելիության հղումներ

Մինսկի խմբի համանախագահներին ընդունեց Սերժ Սարգսյանը


ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահներին, ինչպես նաեւ ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցչին այսօր ընդունել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:

Նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ` հանդիպման ժամանակ, որին մասնակցել է նաեւ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, քննարկվել է ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի ներկա փուլը:

Համանախագահները Սերժ Սարգսյանին տեղեկացրել են նաեւ ավելի վաղ Բաքվում կայացած հանդիպումների արդյունքների մասին:

Համանախագահները Բաքվից Երեւան են ժամանել ուրբաթ երեկոյան եւ նույն օրը հանդիպել արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ:

Շաբաթ օրը, օրվա երկրորդ կեսին համանախագահները Երեւանից մեկնել են Ստեփանակերտ, որտեղ շուրջ երկուեւկես ժամանոց հանդիպում են ունեցել Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանի հետ:

Հանդիպումից հետո կայացած ճեպազրույցում ռուսաստանցի համանախագահ Յուրի Մերզլյակովը «կառուցողական ու բովանդակալից» է գնահատեց հանդիպումը:

Հարցին, արդյոք նոյեմբերի 2-ին Մոսկվայում ստորագրված հռչակագիրը ազդեցություն կունենա՞ բանակցությունների վրա, Մերզլյակովը պատասխանել է. - «Չի կարող ազդեցություն չունենալ, քանի որ առաջին անգամ է ստորագրված ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ բարձր մակարդակով փաստաթուղթ, որտեղ կան Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների ստորագրությունները: Նման բան դեռ չի եղել, եւ այն, որ այնտեղ հղում է արվում կարգավորման այն բազային հիմունքների վրա, որոնք երկու կողմերին առաջարկվել են մեր կողմից մեկ տարի առաջ Մադրիդում, եւ այն, որ այնտեղ արտահայտվում է աջակցություն միջնորդների ջանքերին, մեզ համար բացում է լրացուցիչ հնարավորություն` գործելու այդ ուղղությամբ: Դա մեծ խթան է հետագա աշխատանքի ակտիվացման համար»:

Ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասիեի խոսքերով` հռչակագրում կա մի շատ կարեւոր կետ, այն է` ե'ւ Հայաստանի, ե'ւ Ադրբեջանի, ե'ւ Ռուսաստանի նախագահները մտածում են, որ չի կարող գոյություն ունենալ քաղաքականից բացի այլ կարգավորում` դա նշանակում է բանակցություններ, բանավեճեր, փոխզիջում, բայց ոչ ուժի կիրառում: Ֆասիեն կարեւորել է նաեւ երկու երկրների միջեւ վստահության ձեւավորման եւ ամրապնդման վերաբերյալ կետը:

Ղարաբաղի ժողովրդի վստահության վերաբերյալ հարցին ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան արձագանքել է, որ իրենք հենց դրա համար են Ղարաբաղում: «Վստահության ամրապնդումը պետք է քայլ առ քայլ լինի: Դա շատ լուրջ գործ է, որով զբաղվում է նաեւ ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը», - հայտարարել է ամերիկացի համանախագահը` հավելելով. - «Կարծում եմ, չարժե կորցնել ոչ մի կյանք` գծի լարվածության մակարդակի պատճառով: Դա մեզ համար կլինի շատ կարեւոր մի ուղղություն»:

Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդագրությունների համաձայն` Բաքվում լրագրողների հետ զրույցում ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան, մասնավորապես, հույս էր հայտնել, թե «Ադրբեջանի գրավյալ տարածքները կվերադարձվեն այդ երկրին», եւ հայտարարել էր, թե «հանրաքվեի հարցը կարելի է քննարկել Ադրբեջանի գրավյալ տարածքները ազատելուց եւ այնտեղ խաղաղապահ ուժեր տեղակայելուց հետո»: «Ազատություն» ռադիոկայանի խնդրանքով մեկնաբանելով այդ հաղորդագրությունները` Բրայզան վստահեցրել է. - «Ես չեմ դա ասել, դա ասել են ադրբեջանցի «շատ ստեղծագործ» լրագրողները: Ինչ-որ մեկն ուզում է օգտագործել բոլոր խոսքերը ի օգուտ այս կամ այն կողմի: Իմ ասածն այն է, որ եթե լինի պայմանագիր, դա կլինի հավասարակշիռ, ու պետք է արտահայտի ե'ւ ադրբեջանական, ե'ւ հայկական կողմերի շահերը: Այո, մենք հուսով ենք, որ կլինի զորքերի դուրսբերում, եւ ոչ միայն միջանցք եւ այլն: Դրանք այն միջազգային նորմերն են, որոնք տեղ են գտել Մոսկովյան հռչակագրում, եւ որոնք հետագայում կմտցվեն համաձայնագիր: Խոսքը ոչ միայն մեկ տարրի մասին է` շատ տարրեր կան, շատ»:

«Եթե Ղարաբաղի ժողովուրդը չհամաձայնի՞ այդ համաձայնագրին», - այս հարցին ի պատասխան` Բրայզան ընդգծել է, որ առանց Ղարաբաղի համաձայնության չի կարող համաձայնագիր լինել:

Յուրի Մերզլյակովը հավելել է, որ առանց Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների մասնակցության չի լինի համաձայնագրի տեքստի մշակում: Իսկ թե ինչպես է դա պատկերացնում` ռուսաստանցի համանախագահը չի ասել, խոստանալով, որ կպատմեն գործընթացը սկսելու ժամանակ:

Մեթյու Բրայզան, անդրադառնալով Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների` միմյանց նկատմամբ վերաբերմունքին, ասել է, որ նրանց միջեւ հարգանքի մակարդակն արդեն լուրջ է եւ աճում է, բայց դա չի նշանակում, որ նրանք ընդհանուր լեզու են գտել:

Բեռնար Ֆասիեն, նշելով, որ «մարդիկ երբեմն մտածում են, որ Ղարաբաղը չի մասնակցում բանակցային գործընթացին», հայտարարել է. - «Ի՞նչ է դա նշանակում: Եթե մենք այսքան հաճախակի ենք այստեղ` դա ոչ միայն ղարաբաղյան խոհանոցը փորձելու համար է, ինչը մեզ իսկապես հիացնում է, ոչ միայն թթի օղի խմելու համար է, որը շատ համեղ է, այլ նրա համար, որպեսզի աշխատենք ձեր ղեկավարների հետ»:

Հակամարտության արագացված կարգավորման վերաբերյալ Յուրի Մերզլյակովը ընդգծել է, որ ոչ ոք չի պատրաստվում գործընթացը արհեստականորեն ձգձգել: Ըստ նրա, «հատուկ արագացում կարելի է ակնկալել այն առումով, որ հռչակագրում հստակ ասվում է, որ արտգործնախարարները պետք է ակտիվացնեն համաձայնությունը»:

Նա նաեւ հայտնել է, որ միջնորդները մոտ ժամանակներս ակնկալում են իրենց մասնակցությամբ արտգործնախարարների հանդիպում, եւ, իր կարծիքով, դա կլինի դեկտեմբերի սկզբներին:

«Ավելին, մենք հուսով ենք, որ բավական տեսանելի ապագայում կհաջողվի կազմակերպել նաեւ նախագահների հերթական հանդիպումը: Շտապողականություն չի լինի, բայց գործընթացը որոշակի արագություն պետք է ստանա», - հայտարարել է ռուսաստանցի համանախագահը:

Ստեփանակերտից միջնորդները կրկին ժամանել են Երեւան:


Ռուզաննա Ստեփանյան, Երեւան եւ Լուսինե Մուսայելյան, Ստեփանակերտ


(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG