Մատչելիության հղումներ

20 առաջատար երկրները միջոցներ կձեռնարկեն ֆինանսական ճգնաժամը հաղթահարելու համար


Վաշինգտոնում ավարտվել է մոլորակի 20 առաջատար երկրների երկօրյա գագաթնաժողովը, որի օրակարգում միջազգային ֆինանսական ճգնաժամի հաղթահարման հարցն էր: Մասնակիցները ստորագրել են եզրափակիչ հռչակագիր, որի համաձայն` «քսանյակը» պարտավորվում է միջոցներ ձեռնարկել միջազգային ֆինանսական համակարգը փլուզումից փրկելու եւ ապագայում նմանօրինակ հնարավոր բարդությունները կանխելու համար:

20 երկրների ղեկավարները, մասնավորապես, համաձայնել են բարեփոխել միջազգային երկու առանցքային կառույցները՝ Համաշխարհային բանկը եւ Արժույթի միջազգային հիմնադրամը, ինչը թույլ կտա մեղմել ճգնաժամի հետեւանքները հատկապես զարգացող պետությունների տնտեսությունների համար: Բացի այդ, 20 երկրները մտադիր են լրացուցիչ միջոցներ տրամադրել իրենց տեղական բանկերին, ինչը կխթանի տնտեսությունը եւ աշխուժություն կհաղորդի բորսաներին:

Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջորջ Բուշը գովեստով է խոսել վաշինգտոնյան գագաթնաժողովի մասին:

«Նվաճումներից մեկն այն է, որ մենք որդեգրել ենք հստակ սկզբունքներ եւ պարտավորվել ենք կատարել հստակ քայլեր, որոնք թույլ կտան մեր ֆինանսական համակարգերը հարմարեցնել 21-րդ դարի իրողություններին», - ասել է Միացյալ Նահանգների գործող նախագահը:

Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին ասել է, որ «Եվրոպան ցուցաբերել է կատարյալ միասնություն», եւ «պատմական» է անվանել վաշինգտոնյան հավաքը:

Գագաթնաժողովի աշխատանքը ողջունել են Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Ռուսաստանի եւ մասնակից մնացած երկրների ղեկավարները:

Առաջատար 20 երկրների ղեկավարները ֆինանսների նախարարներին հանձնարարել են մինչեւ գալիք տարվա մարտի 31-ը մշակել առաջարկությունների ծրագիր, որը կքննարկվի հաջորդ գագաթնաժողովում: Այն տեղի կունենա մինչեւ ապրիլի 30-ը` հավանաբար, Լոնդոնում:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG