Մատչելիության հղումներ

ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները շաբաթ օրը, օրվա երկրորդ կեսին Երեւանից մեկնել են Ստեփանակերտ, որտեղ հանդիպել են Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանի հետ:

Հանդիպումից հետո կայացել է ճեպազրույց:

Համանախագահները Բաքվից Երեւան են ժամանել ուրբաթ երեկոյան: Նույն օրը նրանք, ինչպես նաեւ ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը հանդիպել են արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել է ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացը:

Արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ` զրուցակիցները դրական են դնահատել նոյեմբերի 2-ին Մոսկվայում Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների ստորագրած հռչակագիրը` հույս հայտնելով, որ այն խթան կհանդիսանա բանակցությունների առաջընթացի համար:

Համանախագահները Էդվարդ Նալբանդյանին տեղեկացրել են Բաքվում ունեցած հանդիպումների արդյունքների մասին:

Հայաստանի նախագահի մամլո խոսնակ Սամվել Ֆարմանյանը «Ազատություն» ռադիոկայանին հայտնել է, որ նախատեսված է միջնորդների հանդիպումը նաեւ նախագահ Սերժ Սարգսյանի հետ:

Բեռնար Ֆասիեն, Յուրի Մերզլյակովը եւ Մեթյու Բրայզան Բաքվում հանդիպել էին Ադրբեջանի ղեկավարության, այդ թվում նախագահ Իլհամ Ալիեւի հետ:

«Թրենդ» գործակալության վկայությամբ` Բաքվում լրագրողների հետ զրույցում ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան, մասնավորապես, հայտարարել է. - «Հուսով ենք, որ Ադրբեջանի գրավյալ տարածքները կվերադարձվեն այդ երկրին: Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահները պետք է ընդհանուր լեզու գտնեն այդ հարցով»:

APA գործակալությունը, իր հերթին, փոխանցում է Բրայզայի հետեւյալ հայտարարությունը. - «Հանրաքվեի հարցը կարելի է քննարկել Ադրբեջանի գրավյալ տարածքները ազատելուց եւ այնտեղ խաղաղապահ ուժեր տեղակայելուց հետո»:

Նա նաեւ հայտնել է, որ Lեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարգավորելու համար համանախագահները առաջարկներ ունեն եւ հիմա աշխատում են դրանց վրա:


Ռուզաննա Ստեփանյան, Երեւան եւ Լուսինե Մուսայելյան, Ստեփանակերտ

(Լուսանկարը` արտգործնախարարության)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG