Մատչելիության հղումներ

logo-print

Ռեջեփ Էրդողան. «Կովկասյան պլատֆորմի ձեւավորման գործընթացը շարունակվում է»


Թուրքիայի առաջարկած` Կովկասում համագործակցության եւ կայունության պլատֆորմը, որում նախատեսվում է ընդգրկել Ռուսաստանը, Թուրքիան, Ադրբեջանը, Վրաստանը եւ Հայաստանը, ուշադրության կենտրոնում ունենալու է տարածաշրջանի կարիքները` լինեն դրանք էներգետիկ, թե այլ կարիքներ: Այդ մասին ուրբաթ օրը Վաշինգտոնում հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը:

Ելույթ ունենալով Մամուլի ազգային ակումբում, Թուրքիայի վարչապետը նշել է, որ այդ պլատֆորմը գործելու է ԵԱՀԿ-ի շրջանակներում` «հնարավորություն ունենալով շարժվել դեպի ընդհանուր նպատակները եւ ունակ լինելով լուծումներ առաջարկել որոշակի խնդիրների համար, որոնք կարող են ծագել տարածաշրջանում»:

«Ռուսաստանը «այո» ասաց նման նախագծին: Վրաստանը «այո» ասաց նման նախագծին: Ադրբեջանը նույնպես «այո» ասաց այս նախագծին: Եվ մեր արտգործնախարարները սկսեցին քննարկել այս պլատֆորմի բովանդակությունը», - ասել է Էրդողանը` հավելելով. - «Հայաստանի եւ Թուրքիայի ֆուտբոլի ազգային հավաքականների միջեւ հանդիպում տեղի ունեցավ: Պարոն Սարգսյանը, նախագահ Սարգսյանը հրավիրեց Թուրքիայի նախագահին Հայաստան: Եվ Թուրքիայի Հանրապետության նախագահ Գյուլը եղավ Հայաստանում, որտեղ մենք այս առաջարկը ներկայացրեցինք Սարգսյանին, եւ Սարգսյանը «այո» ասաց այս նախագծին: Եվ այդ գործընթացը դեռ շարունակվում է»:

«Անցած 17 տարիներին Ամերիկայի Միացյալ Նահանգները, Ֆրանսիան եւ Ռուսաստանը շարունակել են Մինսկի գործընթացը: Սակայն մինչ օրս որեւէ արդյունք չկա: Բայց երբ առաջարկվեց այս նոր գործընթացը` Ադրբեջանը եւ Հայաստանը հանդիպեցին Մոսկվայում: Եղան որոշակի բանակցություններ: Կարծում եմ, կան որոշակի դրական ազդանշաններ, եւ մենք մեր ջանքերն ենք ներդնում, որպեսզի այդ դրական գործընթացը շարունակվի: Եվ ես հավատում եմ, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները կանի հնարավորը` նպաստելու այս գործընթացին», - հայտարարել է Թուրքիայի վարչապետը:

«Եվ հանուն տարածաշրջանի, հանուն տարածաշրջանի խաղաղության, եթե խնդիրները լուծվեն, ես հավատում եմ, որ դա ուղղակի ազդեցություն կունենա Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ առկա հարցերի լուծման վրա: Եթե Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ առկա խնդիրները լուծվեն, դա ուղղակի ազդեցություն կունենա Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների վրա», - վստահեցրել է Էրդողանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG