Մատչելիության հղումներ

Հայաստանում նոյեմբերի 15-ից սկսվում է հաշմանդամ մարդկանց իրավունքների պաշտպանության միամսյակը


Միամսյակի կազմակերպիչն է հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողովը, որը ստեղծվել է այս տարվա փետրվարին:

Հանձնաժողովի կազմում են տարբեր նախարարությունների պատասխանատուներ եւ դաշտի ակտիվ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ովքեր զբաղվում են հաշմանդամների հարցերով:

Միամսյակի ընթացքում` մինչեւ դեկտեմբերի 15-ը, նախատեսված են մի շարք միջոցառումներ. կկազմակերպվեն դասախոսություններ, սեմինարներ հաշմանդամ երեխաների ծնողների, դպրոցականների եւ ուսանողների համար, կկազմակերպվի հաշմանդամ երեխաների եւ երիտասարդների արվեստի աշխատանքների ցուցահանդես, կտպագրվեն ցուցապաստառներ, տեղեկատվական բրոշյուրներ եւ այլն:

Հաշմանդամների հիմնահարցերով զբաղվող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները եւ աշխատանքի եւ սոցիալական հարցերով նախարարության հաշմանդամների, տարեցների հիմնահարցերի վարչության պետ Ջեմմա Բաղդասարյանը շեշտում են, որ չնայած կատարվող աշխատանքներին` հաշմանդամ մարդիկ այսօր Հայաստանում ունեն լուրջ խնդիրներ եւ ինտեգրված չեն հասարակությանը:

Երեւանի հարյուրավոր փողոցներից միայն 13-ի մայթերն են հարմարեցված հաշմանդամություն ունեցող մարդկանց կարիքներին: Թեքահարթակ ունեցող մայթերով փողոցները գտնվում են քաղաքի նեղ կենտրոնում: Միջազգային չափանիշներով` Երեւանը հաշմանդամ մարդկանց համար անմատչելի քաղաք է: Եթե մայրաքաղաքի որոշ հասարակական վայրերում կան թեքահարթակներ, ապա մարզերում դրանք անհամեմատ ավելի քիչ են:

«Ես համաձայն եմ, որ քաղաքաշինության համապատասխան լուծումների առումով փոփոխությունները ակնհայտ չեն: Մատչելիություն ապահովող ազգային նորմատիվները անցյալ տարի հաստատվել են, բոլոր մարզերի համապատասխան ստորաբաժանումները տեղյակ են: Իսկապես, եթե ամեն մեկը իր տեղում իր աշխատանքը ճիշտ կատարի, մեր խնդիրները կլուծվեն», - ասում է Ջեմմա Բաղդասարյանը:


Նանե Սահակյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG