Մատչելիության հղումներ

Եվրամիությունը վերսկսելու է գործընկերային հարաբերությունների հաստատման շուրջ բանակցությունները Ռուսաստանի հետ, որոնք ընդհատվել էին ռուս-վրացական պատերազմի հետ կապված: Այդ մասին Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն հայտարարել է այսօր` Նիսում կայացած Եվրամիություն-Ռուսաստան գագաթնաժողովի ավարտին:

Բարոզուի խոսքերով, այդ բանակցությունները անհրաժեշտ են Եվրոպայում կայունությունը ամրապնդելու համար:

Եվրամիությունում նախագահող երկրի` Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին, իր հերթին, հայտարարել է, որ ինչպես Ռուսաստանը, այնպես էլ Միացյալ Նահանգները պետք է ձեռնպահ մնան Եվրոպայում որեւէ նոր հրթիռային համակարգի տեղակայումից մինչեւ 2009 թվականի ամռանը կայանալիք` Եվրոպայի եւ Հյուսիսային Ամերիկայի տերությունների գագաթնաժողովը:

Վերջին մեկ տարվա ընթացքում պաշտոնական Մոսկվան բազմիցս իր վրդովմունքն է արտահայտել Լեհաստանում եւ Չեխիայում հակահրթիռային պաշտպանության համակարգ տեղակայելու` Միացյալ Նահանգների ծրագրերի առնչությամբ:

Նոյեմբերի 5-ին Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը հայտարարել է, որ իր երկիրը կարող է հրթիռներ տեղակայել Կալինինգրադի մարզում, եթե Միացյալ Նահանգները իրականացնի այդ ծրագրերը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG