Մատչելիության հղումներ

Երեւանում մեկնարկեց «Բնագիտությունը 21-րդ դարում. ուսուցման հիմնախնդիրներ եւ լուծումներ» գիտաժողովը


Գործելու են 8 մասնախմբեր, որոնք քննարկելու են բնագիտական առարկաների ուսուցման հիմնախնդիրները: Նախատեսված է շուրջ 160 զեկույցների ընթերցում:

Գիտաժողովի կազմակերպիչ, «Բնագետ» հանդեսի տնօրեն Կարո Աթայանը լրագրողներին հայտնեց, որ այսօր բուհերի բնագիտական ֆակուլտետների դիմորդները փոքրաթիվ են:

«Նախկինում Հայաստանում զարգացած էր քիմիական արդյունաբերությունը: Մենք բարձրորակ կադրեր էինք պատրաստում արդյունաբերության համար, այդ թվում նաեւ ինժեներական ու ճարտարագիտական կադրեր, հիմա այդ արտադրությունն այլեւս չկա: Աշակերտները գիտեն, որ քիմիական ֆակուլտետի շրջանավարտները չեն կարողանում աշխատանք գտնել, ուստի եթե նրանցից որեւէ մեկն էլ սիրում է քիմիա, ապա կդիմի ոչ թե քիմիական ֆակուլտետ, այլ մի ֆակուլտետ, որտեղ պարզապես պետք է քիմիա առարկա հանձնել», - նշեց Կարո Աթայանը:

Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս, պրոֆեսոր Էդուարդ Ղազարյանը ներկայացրեց «Ֆիզիկայի եւ աստղագիտության ուսուցման հիմնախնդիրները» զեկույցը: Ակադեմիկոսի կարծիքով, բնագիտական առարկաների նկատմամբ հետաքրքրության նվազումը ոչ միայն պահանջարկի եւ առաջարկի բանաձեւով է բացատրվում, այլեւ հասարակության բարոյահոգեբանական վիճակի փոփոխությամբ:

«Նախորդ դարի 70-ական թվականներին եթե աշակերտն ասում էր, թե ցանկանում է դառնալ ֆիզիկոս կամ մաթեմատիկոս, բոլորի կողմից հարգանքի էր արժանանում, իսկ այժմ գիտությունը կարծես արժեք չի ներկայացնում, գիտական հետազոտությամբ զբաղվել ցանկացողների թիվը խիստ փոքր է», - ասում է Էդուարդ Ղազարյանը:

Այսօր քննարկվել են ֆիզիկայի եւ աստղագիտության ուսուցման հիմնախնդիրները: Սպասվում են զեկույցներ քիմիայի, կենսաբանության, ֆիզիկական աշխարհագրության եւ մաթեմատիկայի ուսուցման հիմնախնդիրների մասին:

«Բնագիտությունը 21-րդ դարում. Ուսուցման հիմնախնդիրներ եւ լուծումներ» գիտաժողովին մասնակցում են դպրոցների, բուհերի եւ գիտական հաստատությունների ներկայացուցիչներ:


Էրիկ Ղազարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG