Մատչելիության հղումներ

Ստամբուլի «Ժամանակ» թերթը տոնում է իր հարյուրամյա հոբելյանը


Թուրքիայում հրատարակվող ամենահին հայալեզու թերթը` «Ժամանակ»-ը տոնում է իր հարյուրամյա հոբելյանը, որին անդրադարձել է «Ֆրանսպրես» գործակալությունը:

«Ժամանակ» թերթը հիմնադրվել է Միսակ եւ Սարգիս Գոչունյան եղբայրների կողմից 1908 թվականի հոկտեմբերի 28-ին` Երիտթուրքերի հեղափոխությունից երեք ամիս անց:

«Ֆրանսպրես»-ը նշում է, որ Առաջին աշխարհամարտի տարիներին, երբ հարյուր հազարավոր հայեր Անատոլիայում կոտորածի ենթարկվեցին, 15 հազար տպաքանակ ունեցող թերթը շարունակում էր լույս տեսնել, թեեւ ստիպված էր խուսափել քաղաքական թեմաներից եւ սահմանափակվել հիմնականում մշակութային թեմաներով:

«Մենք շարունակեցինք տպագրվել 1915 թվականին` չնայած սյունակագիրներից մեկի կորստին», - «Ֆրանսպրես»-ին պատմել է «Ժամանակ»-ի ներկայիս գլխավոր խմբագիր Արա Գոչունյանը` թերթի հիմնադիրներից Սարգիս Գոչունյանի ծոռը:

«Ժամանակ»-ը շարունակել է տպագրվել նաեւ Երկրորդ համաշխարհային պատերազմի եւ 1955 թվականի սեպտեմբերյան խռովությունների ժամանակ, երբ Թուրքիայում ոչ-մահմեդականները հալածանքների էին ենթարկվում:

Այսօր թերթի տպաքանակը տատանվում է 1500-2000 օրինակի սահմաններում: Խմբագրակազմի 8 աշխատակիցները 4 էջ ծավալի շրջանակներում ընթերցողներին մատուցում են լիարժեք տեղեկատվություն հայ համայնքի կյանքի, ինչպես նաեւ տեղական եւ միջազգային իրադարձությունների վերաբերյալ:

Թուրքիայի հայ համայնքի եւ հայկական մամուլի հետ կապված` «Ֆրանսպրես»-ը հիշեցնում է նաեւ Ստամբուլի «Ակոս» թերթի խմբագրապետ Հրանտ Դինքի սպանությունը թուրք ազգայնականի կողմից:


(Լուսանկարում` Արա Գոչունյան)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG