Մատչելիության հղումներ

logo-print
Նախագահ Սերժ Սարգսյանը այսօր ընդունել է բռնցքամարտի IBF վարկածով միջին քաշային կարգում աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամին:

Նախագահը շնորհավորել է մարզիկին` վերջերս տարած փայլուն հաղթանակի առթիվ: «Հպարտություն է մեզ համար, որ մեր հայրենակիցներն այլ երկրներում նման բարձունքների են հասնում եւ Հայաստանն ավելի ճանաչելի դարձնում աշխարհում», - ասել է նա:

Նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ, Արթուր Աբրահամը պատմել է իր հետագա ծրագրերի մասին` նշելով, որ նպատակ ունի զբաղվել պրոֆեսիոնալ բռնցքամարտի տարածմամբ եւ այս ասպարեզում հայտնաբերել նոր երիտասարդ անուններ:

Բռնցքամարտիկը հրավիրել է նախագահին` ներկա գտնվել իր առաջիկա մարտերից մեկին:

Նոյեմբերի 8-ին կայացած մրցամարտում Գերմանիան ներկայացնող Արթուր Աբրահամը տեխնիկական նոկաուտով հաղթել է Միացյալ Նահանգների դրոշի տակ հանդես եկող մեքսիկացի մարզիկ Ռաուլ Մարկեսին` ութերորդ անգամ անընդմեջ պաշտպանելով IBF վարկածով չեմպիոնի տիտղոսը միջին քաշային կարգում:

Այս մրցամարտից հետո Աբրահամի անձնական հաշվում գրանցվեց 28-րդ անընդմեջ հաղթանակը, որոնցից 22-ը ավարտվել է նոկաուտով:


(Լուսանկարը` նախագահի մամլո գրասենյակի)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG