Մատչելիության հղումներ

Կառավարությունը փորձում է մեղմել հանքարդյունաբերության ոլորտում առաջացած խնդիրները


Սյունիքի մարզում գործող հանքարդյունաբերական ձեռնարկությունների հետ նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկա երեք ամիսներին աշխատակիցների կրճատումներ չիրականացնելու եւ աշխատավարձի մակարդակը հնարավորինս պահպանելու վերաբերյալ: Այդ մասին կառավարության այսօրվա նիստում հայտնեց էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը:

Նրա փոխանցմամբ` երեք ամիս հետո, ելնելով միջազգային շուկաներում տիրող իրավիճակից, համատեղ քննարկումների արդյունքում կընդունվեն համապատասխան որոշումներ:

Արմեն Մովսիսյանը ընդգծեց, որ լուծումները պետք է լինեն հավասարակշռված, եւ պետք է հաշվի առնվեն աշխատակիցների զբաղվածության եւ սոցիալական պաշտպանվածության խնդիրները, ինչպես նաեւ տնտեսվարող ընկերությունների շահերը:

Վարչապետ Տիգրան Սարգսյանի հանձնարարականով, հանքարդյունաբերության ոլորտում ծագած խնդիրներն ուսումնասիրելու նպատակով նոյեմբերի 9-11-ը Սյունիքի մարզ էին գործուղվել էներգետիկայի եւ բնական պաշարների, էկոնոմիկայի, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարները:

Միջազգային շուկայում հումքի գների կտրուկ նվազման պատճառաբանությամբ «Գիեպրո Մայնինգ» ընկերությանը պատկանող Ագարակի պղնձամոլիբդենային գործարանում աշխատանքից ազատվել են 50 թոշակառուներ, իսկ ընկերության 1400 բանվորներից 300-ը զգուշացվել են հարկադիր պարապուրդի ուղարկելու մասին: Անցած շաբաթ մոտ 350 մարդ հարկադիր պարապուրդի վերաբերյալ ծանուցում է ստացել Կապանի «Դինո Գոլդ Մայնինգ» ընկերությունը պատկանող գործարանում, վիճակը լարված է նաեւ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում։

Սյունիքի մարզի 25 հազար աշխատողներից 10 հազարի աշխատանքը պայմանավորված է հանքարդյունաբերական երեք խոշոր ձեռնարկությունների աշխատանքով:

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը Հայաստանի երկրորդ խոշոր հարկատուն է, որը այս տարվա առաջին երկու ամիսներին ավելի քան 12 միլիոն դրամ է մուտքագրել պետական բյուջե, սակայն կոմբինատի ղեկավարությունը հայտարարում է, որ ներկա պայմաններում չի կարողանա ապահովել նման մուտքեր:


Հովհաննես Շողիկյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG