Մատչելիության հղումներ

logo-print

Ռիչարդ Կիրակոսյան. «ԱՄՆ-ի հաջորդ վարչակազմի համար մարտահրավեր է Հարավային Կովկասում վերստին ներգրավվելը»


«Lեգիտիմության պակասի պատճառով թուլացած Հայաստանի կառավարությունը այսօր, կարծես, շատ է ցանկանում հաջողություն կամ ճեղքում արձանագրել արտաքին քաղաքական բնագավառում», - «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում նման կարծիք հայտնեց ամերիկահայ վերլուծաբան Ռիչարդ Կիրակոսյանը: Դա միաժամանակ, ըստ նրա, «միջազգային հանրության ուշադրությունը ներքին խնդիրներից ու ժողովրդավարության պակասից շեղելու փորձ է»:

Ռիչարդ Կիրակոսյանը, կարեւորելով նոյեմբերի 2-ին ստորագրված մոսկովյան հռչակագիրը եւ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպում կազմակերպելու` Ռուսաստանի նախաձեռնությունը, այդուհանդերձ, գտնում է, որ պաշտոնական Մոսկվայի իրական նպատակը Ղարաբաղի հարցը լուծելը չէ. - «Նկատելի է Ռուսաստանի դիվանագիտական ակտիվացում ոչ միայն Lեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում, այլեւ, որ առավել կարեւոր է` Ռուսաստանը աջակցություն է հայտնում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը: Սա ամենահետաքրքիր եւ նորագույն գործոնն է: Եվ այս ճանապարհին Ռուսաստանի ձգտումը, իմ կարծիքով, Ղարաբաղի հարցում վերահսկողությունը իր ձեռքում պահելը կամ ստատուս քվոն պահպանելն է, այլ ոչ թե խնդիրը լուծելը կամ կարգավորելը»:

Միաժամանակ, ըստ վերլուծաբանի, «մենք տեսնում ենք, որ ռուսները սկսել են հասկանալ, որ ամերիկյան տնտեսական եւ ֆինանսական ճգնաժամը, Միացյալ Նահանգների նախագահական ընտրություններն ու իշխանության փոխանցումը հնարավորությունների պատուհան են բացել իրենց համար, եւ Ռուսաստանը փորձում է ավելի ամրապնդել իր դիրքերը»:

«Ակնհատ է, որ անցնող ամիսները Ռուսաստանին թույլ տվեցին գրեթե լցնել Հարավային Կովկասում առկա վակուումը: Այժմ Ամերիկայի հաջորդ վարչակազմի համար իրական մարտահրավեր է ոչ միայն Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման ուղիներ գտնելը, այլեւ Հարավային Կովկասում վերստին ներգրավվելը` գուցեեւ Եվրամիության հետ համատեղ», - ընդգծեց Ռիչարդ Կիրակոսյանը:

Կովկասյան տարածաշրջանում Ռուսաստանի վերահաստատման լույսի ներքո, ըստ վերլուծաբանի, դեռ պետք է տեսնել, թե Միացյալ Նահանգները, Բարաք Օբամայի կառավարությունը որքանով կարող է օգտագործել ազդեցության լծակները: Այս ճանապարհին առանցքային բնագավառները, ըստ նրա, լինելու են ռազմական անվտանգությունն ու էներգետիկան:

Ամերիկահայ վերլուծաբանը Պրահա է ժամանել Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակին, սառեցված հակամարտություններին նվիրված միջազգային եռօրյա համաժողովին մասնակցելու նպատակով, որը այսօր է մեկնարկում: Չեխիայի արտգործնախարարության նախաձեռնած այս համաժողովին մասնակցում են փորձագետներ աշխարհի տարբեր երկրներից: Ղարաբաղյան հակամարտությունը այստեղ քննարկման հատուկ թեմա է լինելու:


Իրինա Հովհաննիսյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG