Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Ժամանակ Երեւան»-ը գրում է. - «[Մարտի 1-ի գործով] բողոքների առաջին փաթեթն արդեն մուտքագրվել է Եվրոպական դատարան: Ի դեպ` այդ փաթեթները Եվրոպական դատարան հասցնելը բավականին բարդ խնդիր է, որովհետեւ Սերժ Սարգսյանի ռեժիմն ուղղակի խոչընդոտում է հայցադիմումները ԵԴ մուտքագրելու կարգին, դատարանի մուտքը հսկող իր ցերբերի միջոցով: Ցերբերի առկայության փաստը բացահայտեցին ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանի փաստաբաններ Լուսինե Սահակյանն ու Երվանդ Վարոսյանը, որոնք Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում հայտարարեցին, որ իրենց պաշտպանյալի բողոքն ուղղակի չի հասել Եվրադատարան: Հետագայում պարզվեց, որ ԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչը Հայաստանից ստացվող բողոքները հայի շուստրիության դասական օրինակով պարզապես պարտակում է: Սակայն նրա շուստրիությանը տրվեց գնահատական, եւ Եվրադատարանը փոխեց դիմումների մուտքագրման կարգը»:

«168 ժամ»-ի փոխանցմամբ` արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանը երեկ թերթի թղթակցի հետ զրույցում, «ըստ էության, բացահայտել է իշխանությունների դիրքորոշումը քաղբանտարկյալների ազատ արձակման հարցում. նա ասել է, թե քաղաքական հայացքների համար ձերբակալվածների նկատմամբ համաներում չի կիրառվում, քանի որ «խոչընդոտող հանգամանք կա»: Իսկ այդ խոչընդոտի ստեղծողը, ըստ Դանիելյանի, ընդդիմությունն է: «Համաներումը տարածվում է նրանց վրա, ովքեր ընդունում են իրենց մեղքը», - պարզաբանել է նա` ավելացնելով, թե քանի դեռ նրանք չեն հայտարարում, որ մեղավոր են կատարվածի համար, նրանց նկատմամբ համաներում չի կարող տարածվել: Հարցին` ինչո՞ւ կամ ինչպե՞ս պետք է այդ մարդիկ իրենց մեղքն ընդունեն, եթե իրենց մեղավոր չեն համարում, նախարարը պատասխանել է. - «Համաներում լինում է այն դեպքում, երբ տվյալ մարդն ուղղվում է, նրան պատժելու կարիք չի լինում, եւ նա հասարակության համար վտանգ չի ներկայացնում: Այսինքն` ընդունում է իր մեղքը եւ ասում է, որ դա այլեւս չի կրկնվի»: Թերթը եզրակացնում է. - «Այսինքն` իշխանությունները քաղբանտարկյալներին «գործուն զղջման» գործարք են առաջարկում»:

«Չորրորդ իշխանություն»-ը, անդրադառնալով մարտի 1-ի դեպքերին, գրում է. - «Գոյություն ունի՞ արդյոք գոնե մի փաստ, որը կապացուցի, որ ընդդիմությունն իսկապես զինված է եղել, իրավապահների նկատմամբ հրազեն է կիրառել եւ այլն: Նման «իրեղեն ապացույց» առ այսօր հայտնաբերված չէ: Փոխարենը` հարյուրավոր իրեղեն ապացույցներ կան, որոնք հիմնավորում են, որ հանցավոր ռեժիմը քաղաքացիների նկատմամբ ոճրագործություն է իրականացրել: Կան տեսագրություններ, հարյուրավոր վկայություններ եւ այլն: Եվ պատկերացրեք` այս իրավիճակում ռեժիմը «յոթի գործ» է քննում: Այսինքն, բռնել է ընդդիմության մի քանի ղեկավարների ու հիմա փորձում է ապացուցել, որ նրանք Հայաստանում փորձում էին «իշխանությունը բռնությամբ զավթել»: Իրեղեն ապացույցներ, բնականաբար, չկան: Փոխարենը` ողջ այդ գործը «իրեղեն ապացույց» է հենց ռեժիմի դեմ»: «Այլ կերպ ասած, մեզ այսօր ոչ այնքան «յոթի դատավարությունը» պիտի հետաքրքրի, որքան դատական այդ ֆարսը կանխելուն ուղղված քայլերի արդյունավետությունը: Իսկ դա նշանակում է, որ արդարության համար պետք է պայքարել ոչ թե դատարանների զրահապատ դահլիճներում, այլ Երեւանի փողոցներում», - եզրակացնում է մեկնաբանը:

«Կապիտալ» օրաթերթին տված հարցազրույցում նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը, մասնավորապես, ասել է. - «Ես կարծում եմ` երկար ճանապարհ կա անցնելու: Երբ ես փորձում եմ Մոսկվայում ստորագրված փաստաթղթի տողերի արանքում կարդալ եւ հասկանալ, թե ինչ է ցանկացել ասել կողմերից յուրաքանչյուրը, ինձ համար ակնհայտ է դառնում, որ կողմերի դիրքորոշումները ոչ թե մերձենում են, այլ ընդհակառակը` ավելի են խորանում տարակարծությունները: Այդ փաստաթղթում, իհարկե, որոշ դրական պահեր կան` Մինսկի խմբի ձեւաչափի վերահաստատումը, խաղաղ ճանապարհով հարցի լուծումը: Սակայն այն հստակ ցույց է տալիս, որ գործընթացը հեռու է հանգուցալուծումից: Մադրիդյան փաստաթուղթն առավել քան երբեւէ կասկածի տակ է դրվում: Ադրբեջանը շարունակում է ֆիքսվել Մինսկի խմբի շրջանակներից դուրս փաստաթղթերի վրա, որտեղ միակողմանի լուծման ճանապարհներ են որոնվել, որ ըստ էության եւ ըստ բովանդակության հակասում են այսօր սեղանի վրա եղած փաստաթղթերին: Տարակարծությունները դեռ բազմաթիվ են, կան լուրջ խնդիրներ: Ես չեմ ակնկալում, որ մոտ ապագայում Լեռնային Ղարաբաղի հարցում ինչ-որ լուծում կլինի»:

Լիբերալ կուսակցության նախագահ Հովհաննես Հովհաննիսյանը «Առավոտ»-ին տված հարցազրույցում կարծիք է հայտնել, որ «լրացել է [ղարաբաղյան] հակամարտության կարգավորումը ձգձգելու կամ խուսանավելու ռեսուրսը, որը կարողացավ անցած տարիների ընթացքում պահել Ռոբերտ Քոչարյանը»: «Բայց դա չէր նշանակում, որ հարցը չլուծելով` Քոչարյանը ջանում էր ավելի նպաստավոր պայմաններ ստեղծել ապագայի համար: Այս տարիների ընթացքում Հայաստանը եւ Ղարաբաղը հայաթափվեցին, դարձան կոռումպացված, քաղաքական համակարգերից ու ժողովրդավարական ինստիտուտներից զուրկ: Քոչարյանից Սերժ Սարգսյանի ստացած ժառանգությունն այլեւս տակտիկական մանեւրների հնարավորություն չի տալիս: Երբ Սերժ Սարգսյանը «մարտի 1»-ի գնով իշխանության էր գալիս, պետք է հասկանար, որ ղարաբաղյան հարցի լուծումը դամոկլյան սրի պես կախված է իր գլխին: Կա հարցի լուծման երկու տարբերակ` պարտադրման եւ ֆունկցիոնալ կատարման: Մենք գնում ենք առաջին տարբերակով», - հայտարարել է ընդդիմադիր կուսակցության ղեկավարը:


Աղասի Ենոքյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG