Մատչելիության հղումներ

Դաշնակցությունը նախագահին է փոխանցել ղարաբաղյան բանակցությունների վերաբերյալ իր վերապահումները


Դաշնակցությունը Սերժ Սարգսյանին է փոխանցել ղարաբաղյան բանակցությունների վերաբերյալ իր տեսակետը, վերապահումները եւ հիմա սպասում է նախագահի հետագա քայլերին: Չորեքշաբթի օրը «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում այդ մասին ասաց Դաշնակցության բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը:

Նրա խոսքերով` դեռ մեկ տարի առաջ Դաշնակցությանը մտահոգել է Մադրիդյան սկզբունքներում ամրագրված այն կետը, որի համաձայն` հայկական ուժերի կողմից վերահսկվող 5 տարածքները պետք է վերադարձվեն նախքան Ղարաբաղի կարգավիճակի որոշումը, իսկ Քելբաջարում եւ Լաչինում պետք է խաղաղապահ ուժեր տեղակայվեն:

«Ես հույս ունեմ, որ այդ Մադրիդյան սկզբունքները Ռուսաստանում կայացած` նախագահների հռչակագրի մեջ մատնանշվել է իբրեւ բանակցությունների հիմք, բայց ոչ այդ սկզբունքների ամբողջությամբ որդեգրում», - ընդգծեց Հրանտ Մարգարյանը` հավելելով. - «Սա ինձ նաեւ հույս է ներշնչում, որ հայկական կողմը առավելագույնը անելու է` այդ հիմնական թերությունները, որը կա այդ սկզբունքների մեջ, վերացնելու»:

«Եթե թերությունները չվերացվեն, Դաշնակցությունը դուրս կգա՞ կոալիցիայից», - այս հարցին ի պատասխան` կուսակցության բյուրոյի ներկայացուցիչը, մասնավորապես, ասաց. - «Ինքնանպատակ չէ մեր` կոալիցիայի մեջ մնալը: Այսօր մեր` կոալիցիայի մեջ մնալը նաեւ բացատրվում է, հիմնականում բացատրվում է այն առումով, որ մենք կարողանում ենք մեր տեսակետը ասել, եւ հույս ունեմ, որ կկարողանանք նաեւ ազդել»:

Դաշնակցության բյուրոյի ներկայացուցիչը անհիմն համարեց ընդդիմության պնդումները, որ մինչեւ տարվա վերջ ղարաբաղյան հակամարտությունը լուծում է ստանալու, եւ որ Սերժ Սարգսյանի վրա մեծ ճնշումներ գոյություն ունեն, որոնց այլընտրանք չունենալով` նախագահը ստիպված է լինելու գնալ զիջումների:

«Ճնշումները` ընդհանրապես կան, բայց այդպես մասնակի, հատուկ, ինչ-որ մի ժամկետով կատարված ճնշում` ես նման ճնշումից տեղյակ չեմ եւ չեմ նկատել նախագահի մոտ, որ ինքը այդ տեսակ ճնշումի ենթակա է», - ընդգծեց Հրանտ Մարգարյանը:

«Ընդդիմությունը ինչու է այդպիսի բան ասում` չգիտեմ, հավանաբար սուրճի բաժակ են նայել», - ասաց Դաշնակցության բյուրոյի ներկայացուցիչը` շարունակելով. - «Կար մի պահ, որ բոլորս անհանգստացանք, երբ Ռուսաստանը որոշ ակտիվություն ցույց տվեց: Անշուշտ, Ռուսաստանը, հավանաբար, կուզեր, որ հարցը կայծակնային լուծում ստանա, եւ ինքը կարողանա Ադրբեջանը ունենալ վերջնականորեն իր ազդեցության դաշտում: Բայց կարծում եմ, որ նաեւ ինքը հանդիպեց որոշ դիմադրության եւ նահանջեց եւ բավարարվեց այնքանով, որ փաստեց իր «պապայության» հանգամանքը շրջանում, եւ այդքանը: Այդ առումով, մտահոգությունները ավելի նվազել են այս պահին»:


Աստղիկ Բեդեւյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG