Մատչելիության հղումներ

logo-print

Ռուսաստանը վավերացրեց Աբխազիայի ու Հարավային Օսիայի հետ համագործակցության համաձայնագրերը


Ռուսաստանի Դաշնային խորհուրդը այսօր վավերացրել է Աբխազիայի ու Հարավային Օսիայի հետ բարեկամության ու համագործակցության մասին համաձայնագրերը:

Այդ փաստաթղթերը նախատեսում են ռազմական օգնություն, ինչպես նաեւ իրավական հիմք են ծառայում Աբխազիայում ու Հարավային Օսիայում ռուսական զորքերի տեղակայման համար:

Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետը հայտարարել է, որ այժմ ամբողջ թափով ընթանում է ռազմակայանների կառուցումը, որը կավարտվի 2009 թվականին: Նա ասել է, թե ռուսական ռազմակայանները պաշտպանելու են «մեր եւ այդ հանրապետությունների շահերը տարածաշրջանում»:

Աբխազիայի եւ Հարավային Օսիայի հետ համագործակցության համաձայնագրերը Ռուսաստանի նախագահը, Աբխազիայի ու Հարավային Օսիայի ղեկավարները ստորագրել էին սեպտեմբերի 17-ին` ռուս-վրացական պատերազմից հետո: Դրանք արդեն վավերացվել են Պետդումայի, ինչպես նաեւ Աբխազիայի ու Հարավային Օսիայի խորհրդարանների կողմից:

Ռուսաստանի խորհրդարանի ստորին պալատը` Պետդուման, երեկ ստացել էր նախագահ Մեդվեդեւի առաջարկը` մինչեւ 6 տարի երկարաձգել երկրի նախագահի կառավարման ժամկետը` այժմյան 4 տարվա փոխարեն, ինչպես նաեւ ավելացնել Պետդումայի լիազորությունների ժամկետը` այն դարձնելով 5 տարի:

Պետդումայի` սահմանադրական օրենսդրության հարցերով հանձնաժողովի նախագահը այսօր Պետդումային առաջարկել է այս ուրբաթ, նոյեմբերի 14-ին, երեք ընթերցմամբ էլ ընդունել Մեդվեդեւի առաջարկները:

Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը այսօր ասել է, թե պաշտպանում է Դմիտրի Մեդվեդեւի առաջարկները: Ինչ վերաբերում է այն հարցին, թե ո՞վ եւ ե՞րբ կարող է առաջադրվել Ռուսաստանի նախագահ հաջորդ ժամկետում` Պուտինը պատասխանել է, թե այդ մասին «վաղաժամ է խոսել»:

Քաղաքագետ Դմիտրի Օրեշկինը «Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայությանն ասել է. - «Նրանց թվում է, որ եթե իրավիճակը վատթարանա, իսկ իրավիճակը կվատթարանա, ապա փոխելով նախագահին, վերադարձնելով Պուտինին` իրավիճակը վերահսկողության տակ կպահեն: Իմ կարծիքով` դա խորապես սխալ է: Այնքան կարեւոր չէ, թե ո՞վ է նստած Սպիտակ տանը [Ռուսաստանի խորհրդարանի շենքը], ո՞վ է նստած Կրեմլում` երկիրը նախկինի պես ղեկավարում է Պուտինը»:


Հրաչ Մելքումյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG