Մատչելիության հղումներ

Փաստաբանները «7-ի գործի» նյութերին ծանոթանալու համար լրացուցիչ ժամկետ են խնդրում


«7-ի գործով» փաստաբանական խումբը բողոք է ներկայացրել Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարան` բողոքելով «Մարտի 1»-ի գործով 7 կալանավորվածների քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազ Կորյուն Փիլոյանի դեմ, ով գործի նյութերին ծանոթանալու համար փաստաբաններին մինչեւ նոյեմբերի 10-ն էր ժամկետ տրամադրել: Փաստաբանների պնդմամբ` այդ ժամկետը բավարար չէ գործի նյութերն ամբողջությամբ ուսումնասիրելու համար:

Պետական իշխանության յուրացման եւ զանգվածային անկարգություններ կազմակերպելու հոդվածներով մեղադրվող նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանի, պատգամավորներ Հակոբ Հակոբյանի, Մյասնիկ Մալխասյանի եւ Սասուն Միքայելյանի, Գրիգոր Ոսկերչյանի, Շանթ Հարությունյանի եւ Սուրեն Սիրունյանի փաստաբանները բողոքարկել են դատախազի որոշումը եւ լրացուցիչ ժամկետ խնդրել:

Ըստ դատախազության որոշման՝ գործի նյութերին ծանոթանալու ժամկետը հոկտեմբերի 31-ից երկարաձգվել էր մինչեւ նոյեմբերի 10-ը:

«Սակայն այդ ժամկետը եւս իրատեսական չէ», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց փաստաբան Հովիկ Արսենյանը, ում վկայությամբ` իր գործընկերների մեջ կան մարդիկ, ովքեր պահանջում են գործին ծանոթանալու ժամկետը երկարաձգել մեկ ամսով:


Աստղիկ Բեդեւյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG