Մատչելիության հղումներ

Ռուսաստանի նախագահի առաջարկած փոփոխությունները ներկայացվեցին Պետդումային


Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը երեկ Պետդումային ներկայացրեց երկրի ղեկավարի եւ պատգամավորների լիազորությունների ժամկետը երկարաձգելու մասին օրինագիծ: Վերլուծաբանների կանխատեսմամբ` խորհրդարանի երկու պալատները մինչեւ տարեվերջ հավանության կարժանացնեն նախագիծը:

Մեդվեդեւն առաջարկում է համապատասխան փոփոխություններ կատարել Սահմանադրության մեջ, ինչը երկրի նախագահին հնարավորություն կտա պաշտոնավարել 6 տարի` ներկայիս 4-ի փոխարեն, իսկ խորհրդարանի լիազորությունների ժամկետը կավելացնի մեկ տարով:

Իր այս մտադրության մասին Մեդվեդեւը հայտարարել էր մեկ շաբաթ առաջ` ռուսաստանցիներին հասցեագրված ուղերձում:

Դեռեւս չի հստակեցվում, թե արդյո՞ք նախատեսվող փոփոխությունները տարածվելու են գործող նախագահի վրա:

Կրեմլում պնդում են, որ փոփոխությունները Դմիտրի Մեդվեդեւին ու այսօրվա Պետդումային չեն վերաբերելու` դրանք հաջորդ նախագահների ու խորհրդարանների համար են:

Սահմանադրական փոփոխությունների հարցերով խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Ալեքսանդր Մոսկալեցը, մինչդեռ, հայտարարել է, թե իրավաբանական որեւէ արգելք չկա, որ փոփոխությունները տարածվեն հենց գործող նախագահի վրա:

Որոշ փորձագետներ էլ ենթադրում են, որ Մեդվեդեւը մտադիր է պաշտոնավարման կեսից հրաժարական տալ եւ տեղը զիջել վարչապետ, նախկին նախագահ Վլադիմիր Պուտինին, ով կարող է անարգել ընտրվել ու պաշտոնավարել 6 տարի:


Իրինա Հովհաննիսյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG