Մատչելիության հղումներ

logo-print

Գալուստ Սահակյան.«Կալանավորված պատգամավորների խափանման միջոցը փոխելու հարցում ամենաշահագրգիռը հանրապետականների թիմն է»


Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) խորհրդարանական խմբակցության նորընտիր ղեկավար Գալուստ Սահակյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում ասաց, որ հետընտրական իրադարձությունների կապակցությամբ կալանավորված պատգամավորներ Հակոբ Հակոբյանի, Մյասնիկ Մալխասյանի եւ Սասուն Միքայելյանի խափանման միջոցը փոխելու հարցում «ամենաշահագրգիռ թիմը` դա հանրապետականների թիմն է»:

«Ամեն օր ես զբաղվում եմ դրանով, ամեն օր տեղեկություններ ունեմ», - ասաց Սահակյանը: «Նրանք մեր ընկերներն են, ուրիշների ընկերները չեն, ինչպես ներկայացնում են հիմա շատ քաղաքական թիմեր, եւ եթե տրտմություն կա, ավելի շատ մեզ է վերաբերում, քան` այլոց», - հայտարարեց նա:

Այնուհանդերձ, Գալուստ Սահակյանը վտանգավոր համարեց այն, որ կալանավորված պատգամավորները, Հանրապետական կուսակցության հետ միասին խորհրդարանական ընտրություններում հաղթելուց հետո, ըստ Սահակյանի` «վերջին պահին, երկու օր հետո տեսնում ես` քաղաքական այլ թիմի [հետ] հրապարակում կանգնած ելույթ են ունենում քո դեմ»: Այս իրավիճակը Գալուստ Սահակյանի համար «քաղաքական կուրյոզ է»:

Չնայած դրան, Հանրապետական խմբակցության ղեկավարը շեշտեց, որ կալանավորված պատգամավորների գործում պետք է հասնել այնպիսի լուծումների, որոնց դեպքում իրավական դաշտը լրիվ ապահովված կլինի:

«Բոլորին էլ պարզ է, որ եթե արդարացի լուծումներ չլինեն, ուրեմն հաջորդ քայլը Եվրոդատարանն է լինելու», - մեկնաբանեց Սահակյանը:

Ազգային ժողովի պատգամավորներ Հակոբ Հակոբյանը, Մյասնիկ Մալխասյանը եւ Սասուն Միքայելյանը արդեն 8 ամիս անազատության մեջ են` մարտի 1-ի իրադարձությունների հետ կապված նրանց ներկայացված է զանգվածային անկարգություններ կազմակերպելու եւ պետական իշխանությունը յուրացնելու մեղադրանք:

Հարցին, թե ինչպե՞ս է ստացվել, որ Հանրապետական կուսակցության խորհրդի` երկուշաբթի օրը կայացած նիստում կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավարի պաշտոնում առաջադրվել է միայն իր թեկնածությունը, Գալուստ Սահակյանը պատասխանեց. - «Խմբակցության ցանկացած պատգամավոր կարող է դառնալ նաեւ խմբակցության ղեկավար»:

«Սակայն քննարկումները` նաեւ ոչ պաշտոնական, կամ կուսակցական մեծ եւ փոքր շրջանակներում, արդեն դաշտը ստեղծել էին, որպեսզի այլ թեկնածուների խնդիր չառաջանար», - հավելեց նա:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG