Մատչելիության հղումներ

Փորձագետների փաստահավաք խումբը կղեկավարի Վահե Ստեփանյանը


Մարտի 1-2-ի իրադարձությունների պատճառների վերհանմանը եւ բացահայտմանն ուղղված փաստերի հավաքումն իրականացնող Փորձագետների փաստահավաք խումբը այսօր կայացած առաջին նիստում, ինչպես ամրագրված է նախագահ Սերժ Սարգսյանի հոկտեմբերի 23-ին ստորագրած կարգադրության մեջ, պարզ մեծամասնությամբ իր կազմից խմբի ղեկավար է ընտրել Մարդու իրավունքների պաշտպանի կողմից առաջադրված անդամ Վահե Ստեփանյանին:

Խմբի ղեկավարը կազմակերպում է աշխատանքները, ստորագրում է խմբի անունից կազմվող եւ ուղարկվող փաստաթղթերը, գրությունները, հարցումները, հրավերները, ծանուցագրերը: Բայց այդ ամենի մասին հանրությունը որեւէ տեղեկություն չի ստանա, քանի որ այսօրվանից փաստահավաք խմբի անդամները լռության երդում են տալու. Նախագահի կարգադրության համաձայն, խմբի աշխատանքն իր գործունեության ամբողջ ընթացքում լուսաբանման ենթակա չէ, խմբի նիստերը դռնփակ են:

Վաղվանից Փորձագետների փաստահավաք խումբը անցնելու է աշխատանքային գործունեության` ամեն օր փակ դռների հետեւում նիստեր անցկացնելով:

Փորձագետների փաստահավաք խմբում ընգրկված են Վահե Ստեփանյանը (Մարդու իրավունքների պաշտպանի առաջադրմամբ), Ռոբերտ Ավագյանը եւ Գեւորգ Թովմասյանը (իշխող կոալիցիայի առաջադրմամբ), Անդրանիկ Քոչարյանը (Հայ ազգային կոնգրեսի առաջադրմամբ) եւ Սեդա Սաֆարյանը («ժառանգության» առաջադրմամբ):


Կարինե Քալանթարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG