Մատչելիության հղումներ

«Ժառանգություն» կուսակցության վարչությունը երեկ երեկոյան կայացած նիստում հայտարարություն է ընդունել նոյեմբերի 2-ին Մոսկվայում Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների ստորագրած հռչակագրի վերաբերյալ: Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին ասաց «Ժառանգության» վարչության նախագահ Անահիտ Բախշյանը, Լեռնային Ղարաբաղի շուրջ վերջին զարգացումները ավելի շատ մտահոգում են իրենց, քան լավատեսություն ներշնչում:

«Առաջին մտահոգություն. Հայաստանի ռազմավարական գործընկերը` ի դեմս Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության, որի գլխավոր դերում Ռուսաստանն է, ապահովեց իր համար այնպիսի փաստաթղթի ստորագրում, որի բովանդակությունը, ստորագրած կողմերի եռաթեւ ձեւաչափը` Լեռնային Ղարաբաղի հանրապետության բացակայությամբ, վկայում է այն մասին, որ Արցախը Ռուսաստանի կողմից շարունակում է դիտարկվել իբրեւ արդեն իր երկու ռազմավարական գործընկերների` Ադրբեջանի ու Հայաստանի միջեւ տարածքային վեճի առարկա, հակամարտության օբյեկտ եւ ոչ թե սուբյեկտ ու հիմնական կողմ», - ասաց Անահիտ Բախշյանը` ընդգծելով. - «Սա ամենավտանգավոր պահն է` մեր դիտարկմամբ»:

«Հաջորդը. մենք ուսումնասիրեցինք Ադրբեջանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ բարեկամության եւ ռազմավարական գործընկերության մասին հուլիսի 3-ի հռչակագիրը, որտեղ երկուստեք անթույլատրելի համարելով միջազգայնորեն ճանաչված սահմանների բռնի փոփոխությունները` պատրաստակամություն են հայտնել Հարավային Կովկասում ու Կասպիական տարածաշրջանում անվտանգության ապահովման գործում համագործակցությունն ամրապնդելու: [Ռուսաստանը] Ադրբեջանի հետ կնքում է այդպիսի պայմանագիր, եւ Լեռնային Ղարաբաղը այստեղ դառնում է մեզ համար, մեր հետագա նպատակների համար շատ վտանգավոր գործիք», - նշեց «Ժառանգության» վարչության նախագահը:

Հարցին, թե ո՞րն է մեխանիզմը, որը կարող է Ղարաբաղը հակամարտության օբյեկտից դարձնել սուբյեկտ, Անահիտ Բախշյանը արձագանքեց. - «Հայաստանի իշխանության քաղաքական կամքի ամուր դրսեւորումը պետք է լինի: Ինքը իրար ետեւից կամ մեկումեջ ստորագրում է կամ առաջարկությունների վերաբերյալ հավանություններ է տալիս եւ ոչ մի տեղ չի թողնում, ոչ մի հակընդդեմ առաջարկություն չի անում Ղարաբաղի` սուբյեկտ դառնալու ուղղությամբ»:

«Ես բացատրում եմ դա միայն նրանով, որ այս իշխանությունը` ի դեմս նախագահի, իր ոտքերի տակ ամուր չի զգում հողը: Եթե ամուր զգար եւ ստեղծեր նախապայմաններ այդ բանակցությունների շրջանակում, առաջին բանը, որ պետք է պահանջեր` Լեռնային Ղարաբաղի սուբյեկտ դառնալն էր: Բայց չգիտես ինչու չի արվում», - ամփոփեց խորհրդարանում ներկայացված միակ ընդդիմադիր կուսակցության վարչության նախագահը:

Այսօր ավելի ուշ հրավիրած ասուլիսում «Ժառանգության» ներկայացուցիչները հայտարարեցին նաեւ, որ իրենց կուսակցությունը չի կիսում հայաստանյան որոշ քաղաքական ուժերի «ոչ մի թիզ հող» կեցվածքը:

Կուսակցությունը ժամանակին որդեգրել է տարածքների փոխանակման մոտեցումը եւ դրանից դեռ ետ չի կանգնել:

Ըստ «Ժառանգություն» կուսակցության խոսնակ Հովսեփ Խուրշուդյանի, քանի որ շատ հայկական տարածքներ էլ գտնվում են Ադրբեջանի վերահսկողության տակ, կարելի է, օրինակ, Աղդամը փոխանակել Շահումյանի հետ:

«Ղարաբաղի տարածքից զգալի հատվածներ Մարդակերտից եւ Մարտունիից այսօր գտվում են ադրբեջանական զորքերի օկուպացիայի տակ: Շահումյանի շրջանը, ինչպես գիտեք, ԽՍՀՄ-ի փլուզման ընթացքում ԽՍՀՄ-ի օրենքներով նույն կերպ, ինչպես Ղարաբաղը, ինքնորոշվել է: Այսինքն` այնտեղ էլ պատրաստ ենք փոխադարձ զիջումների. օրինակ, Աղդամը վերադարձնելու դիմաց ստանալ Շահումյանը, եւ վերաբնակեցնել այնտեղ հայերին, Աղդամում` ադրբեջանցիներին: Այսինքն` «ոչ մի թիզ թշնամուն» սկզբունքը որպես այդպիսին, կարծում եմ, որ շատ խիստ է եւ փոխադարձ վստահությունը վերականգնելու համար դժվար ընկալելի»:


Ռուբեն Մելոյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG