Մատչելիության հղումներ

Մոսկվայում ապրող հայերի միայն 23 տոկոսն են Հայաստանի քաղաքացիներ: Այդ են վկայում Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Յուրի Հարությունյանի «Մոսկվացիները» հետազոտությունում ամփոփված տվյալները:

Ըստ աշխատությունում տեղ գտած տվյալների` Մոսկվայում բնակվող ուկրաինացիների 36 տոկոսը պահպանել են Ուկրաինայի քաղաքացիությունը, վրացիների 37 տոկոսն են Վրաստանի քաղաքացիներ, Ադրբեջանի քաղաքացիներ են մոսկվաբնակ ադրբեջանցիների 52 տոկոսը:

Տարբեր համայնքային կառույցների հետ կապ են պահպանում Մոսկվայում բնակվող հայերի 11 տոկոսը, վրացիների 14 տոկոսը, ադրբեջանցիների 9 տոկոսը, իսկ ուկրաինացիների միայն 1 տոկոսը:

Մոսկվաբնակ հայերի 9 տոկոսն են ամեն տարի այցելում Հայաստան:

Հայերին բացասաբար են վերաբերվում մոսկվացի ռուսների 10 տոկոսը, ադրբեջանցիներին` 24 տոկոսը, վրացիներին` 14 տոկոսը, ուկրաինացիներին` 6 տոկոսը:

Մոսկվաբնակ հայերի 32 տոկոսն են իրենց հայաստանցի համարում. հարցվածների 44 տոկոսը պատասխանել են, որ իրենք ռուսաստանցիներ են: Իսկ հայերենը իրենց մայրենի լեզուն են համարում մոսկվացի հայերի 31 տոկոսը:

Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի տպարանում լույս տեսած այս աշխատությունից կարելի է եզրակացնել, որ Մոսկվայում իրենց ինքնությունը ամենից շատ պահպանել են ադրբեջանցիները` նրանց միայն 40 տոկոսն են ռուսերենը համարում մայրենի լեզու: Հայերի շրջանում տվյալ ցուցանիշը 70 տոկոսից ավելի է:


Ազա Բաբայան, Մոսկվա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG