Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյան. «Հակամարտության առանցքը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցն է»


Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը երեկ գերմանական «?Ֆրանկ?ֆուրտեր ալգեմայնե ցայտունգ» թերթում հրապարակված հարցազրույցում, ի պատասխան հայկական զորքերը Ղարաբաղին հարակից յոթ շրջաններից դուրս բերելու մասին հարցին, հայտարարել է. - «Այդ տարածքների վերահսկումը մեզ համար ինքնանպատակ չէ, այլ ուղղված է Ղարաբաղի անվտանգությանը»:

«Հակամարտության առանցքային խնդիրը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցն է: Ադրբեջանը պետք է ճանաչի Լեռնային Ղարաբաղի բնակչության ինքնորոշման իրավունքի իրացումը: Այս հիմնական խնդրի լուծմանը կարող են հետեւել մնացած հարցերը: Տարածքների վերահսկումը մեզ համար ինքնանպատակ չէ, այլ ուղղված է Ղարաբաղի անվտանգությանը: Այսօր մեզ անհրաժեշտ է բանակցել կարգավորման սկզբունքների շուրջ, որին արդեն կարող է հետեւել խաղաղության հիմնական պայմանագիրը: Մեր առջեւ դեռ երկար ճանապարհ կա», - ասել է Սերժ Սարգսյանը գերմանական թերթին տված հարցազրույցում, որի տեքստն այսօր տարածել է նախագահի մամլո գրասենյակը:

Մոսկովյան հռչակագրին անդրադառնալով` ՍերԺ Սարգսյանը նշել է, որ հայկական կողմի համար «կարեւոր է, որ ստորագրվել է մի փաստաթուղթ, որը բացառում է հակամարտության լուծումը ռազմական ճանապարհով». - «Իհարկե, սա սոսկ հռչակագիր է, իսկ մենք շատ ուրախ կլինեինք այն հասցնել պայմանագրի: Ինչեւէ, ես չեմ ուզում թերագնահատել այդ փաստաթղթի կարեւորությունը: Նաեւ ուրախ եմ, որ Ադրբեջանը ստորագրել է մի փաստաթուղթ, որը հակամարտության լուծման համար ընդունում է միջազգային իրավունքի բոլոր սկզբունքները, այլ ոչ միայն տարածքային ամբողջականության սկզբունքը: Դրական եմ համարում նաեւ այն փաստը, որ, չնայած Մինսկի խմբի գործունեության արդյունավետության մասին վերջերս եղած սուր գնահատականներին, կարեւորվել է Մինսկի խմբի ձեւաչափը, համանախագահող երկրների` ԱՄՆ-ի, Ռուսաստանի եւ Ֆրանսիայի դերը որպես միջնորդներ»:

Հարցին, թե կարող է արդյոք Ղարաբաղը որպես ինքնավար մարզ մնալ Ադրբեջանի կազմում, Հայաստանի նախագահը պատասխանել է. - «Խոսքը այնպիսի պայմանների ստեղծման մասին է, որը հնարավորություն կտա անվտանգ պայմաններում ապահովելու բնակչության հետագա զարգացումը: Պատմությունը ցույց է տվել, որ դա Ադրբեջանի կազմում անհնար է: Մենք երբեք չենք մտածել, որ Ղարաբաղը որեւէ կարգավիճակով կարող է մնալ Ադրբեջանի կազմում»:

Պատասխանելով Հայաստանի վրա Վրաստանի պատերազմի աշխարհաքաղաքական հետեւանքների մասին հարցին, նախագահ Սարգսյանը ասել է. - «Իրադարձությունները ցույց տվեցին, թե ինչքան խոցելի է ամբողջ տարածաշրջանը: Վրաստանը չափազանց կարեւոր է մեզ համար, քանի որ մեր երկրի արտաքին առեւտրի 70 %-ից ավելին անցնում է այդ երկրի տարածքով: Այնտեղ բնակվում են 350 000 հայեր: Միաժամանակ մենք Ռուսաստանի հետ ռազմավարական գործընկերներ ենք: Մեզ համար կարեւոր էր ներդաշնակեցնել այս երկու տարբեր պարտավորությունները, ինչը, կարծում եմ, մեզ հաջողվեց: Մենք Վրաստանի հետ տարբեր սկզբունքային խնդիրների վերաբերյալ ունենք տարբեր մոտեցումներ, սակայն, բնականաբար, խուսափել ենք այն ամենից, ինչը կարող էր որպես թշնամանք դիտվել: Եվ չնայած պատերազմի հետեւանքով տարածաշրջանում տեղի ունեցած բազմաթիվ փոփոխություններին, փառք Աստծո, կարող եմ ասել, որ հայ-վրացական եւ հայ-ռուսական հարաբերությունները դրանից չեն տուժել»:

Հարցին, թե արդյոք ասվածը նշանակում է, որ պատերազմից քաղված դասն այն է, որ Դաշինքը պետք է հեռու մնա Կովկասից, նախագահը արձագանքել է. - «Ես չէի կիսի Ձեր բառընտրությունը: Այդ դեպքում հնարավոր չէր լինի ՆԱՏՕ-ի հետ մեր հարաբերություններըի հետագա զարգացումը: Մենք համարում ենք, որ Դաշինքի հետ մեր համագործակցությունը մեր անվտանգության համակարգի բաղկացուցիչ մասն է: Մյուս կողմից մենք չենք ձգտում ՆԱՏՕ-ին անդամակցության: Նոր բաժանարար գծերի ստեղծումը մեր տարածաշրջանում խիստ վտանգավոր կարող է լինել: Սա է վրացական պատերազմից քաղած դասը»:

Հայոց ցեղասպանությունը հետազոտելու համար պատմաբանների համատեղ հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ թուրքական առաջարկության կապակցությամբ Հայաստանի նախագահը ասել է. - «Դրա անհրաժեշտությունը բացարձակապես չկա: Մենք չենք կարծում, որ դրանով հնարավոր կլիներ որեւէ բանի հասնել: Մենք ցանկանում ենք առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերություններ հաստատել երկու երկրների միջեւ, բացել սահմանները, այնուհետեւ միջկառավարական գործընթացի մակարդակով կարող ենք քննարկել հարեւան երկրներին վերաբերող բոլոր հարցերը: Թուրքիայի կողմից Ցեղասպանության ճանաչումը մենք նախապայման չենք համարում հարաբերությունների հաստատման համար: Մենք ցանկանում ենք վերջինս, բայց ոչ` ամեն գնով: Եվրոպական երկրները եւս ժամանակին պատմական հանձնաժողովներ չեն ստեղծել` նորմալ հարաբերություններ զարգացնելու համար: Նման քայլը կարող է նաեւ նշանակել փորձ` մոլորության մեջ գցելու միջազգային հանրությանը, հատկապես, երբ այն տարիների գործընթաց է»:

Սերժ Սարգսյանի խոսքով, Հայաստանի նպատակադրվել է «ունենալ զարգացած ենթակառուցվածքներ, ստեղծել մատակարարման այլընտրանքային ճանապարհներ». - «Մենք կցանկանայինք, որպեսզի վերաբացվեր մեր հաղորդակցությունը Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ: Մենք ցանկանում ենք նաեւ Հայաստանում հյուսիս-հարավ ուղղությամբ երկաթուղագիծ կառուցել, որը հետագայում Հայաստանը կարող է կապել Իրանին: Ինչքան զարգացած եւ բազմազան լինեն մեր ենթակառույցները, այնքան գրավիչ եւ անվտանգ կլինի Հայաստանը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG