Մատչելիության հղումներ

Այսօր Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գայանե Կարախանյանը բավարարեց Ազգային անվտանգության ծառայության միջնորդությունը` Ֆրանսիայի քաղաքացի, հայաստանաբնակ Սարգիս Հացպանյանին կալանավորելու վերաբերյալ:

Նախորդ շաբաթ Ազգային անվտանգության ծառայությունը քրեական գործ էր հարուցել «Հայկական ժամանակ» օրաթերթի մի հրապարակման հիման վրա, որտեղ Հացպանյանը պնդել էր, թե «Սերժ Սարգսյանի դեմ մահափորձ է նախապատրաստվում»: Գործը հարուցված էր Քրեական օրենսգրքի 35-305 հոդվածի հատկանիշներով` «պետական գործչի նկատմամբ մահափորձի նախապատրաստություն»:

Հարուցված գործի շրջանակներում Սարգիս Հացպանյանը անցյալ ուրբաթ ձերբակալվել էր: Այսօր, ժամը 20:50 րոպեին լրանում է նրա ձերբակալության ժամկետը` 72 ժամը:

Ի պատասխան «Ազատություն» ռադիոկայանի հարցին` «անվտանգության քննիչը արդյո՞ք կարողացավ դատարանում ապացուցել, որ Հացպանյանի ասածները, թե Սերժ Սարգսյանի դեմ մահափորձ է նախապատրաստվում, իսկապես սուտ էին», Հացպանյանի պաշտպան Տիգրան Աթանեսյանը պատասխանեց, որ եզրակացություններ անելու համար դեռ շատ վաղ է:

«Ամեն դեպքում, իմ վստահորդը, իհարկե, չի ընդունում իր մեղքը», - ասաց Աթանեսյանը եւ վստահեցրեց, որ բողոքարկելու են դատարանի որոշումը:

Այն հարցին, թե ինչո՞վ է անվտանգության ծառայությունը հիմնավորում Հացպանյանին ազատության մեջ պահելը, Տիգրան Աթանեսյանը պատասխանեց, որ «դրանք նախաքննության տվյալներ են եւ ենթակա չեն հրապարակման»:

Ամեն դեպքում, Սարգիս Հացպանյանի շահերի պաշտպանը հայտարարեց, որ քննիչի կողմից բերված հիմքերը «անկհայտորեն դուրս են թե' Սահմանադրության, թե' կոնվենցիայի պահանջներից»: Նա պնդեց, որ ծանուցում ստանալուց մի քանի ժամ հետո Հացպանյանը ներկայացել է դատարան եւ նրան անազատության մեջ պահելու որոշման համար հիմքեր չկան:

Քրեական օրենսգիրքը սուտ մատնություն կատարելու համար նախատեսում է մինչեւ 5 տարի ազատազրկում:


Աստղիկ Բեդեւյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG