Մատչելիության հղումներ

logo-print

Եվրամիությունը եւ Ռուսաստանը քննարկելու են գործընկերության պայմանագիրը


Այսօր Բրյուսելում տեղի է ունեցել Եվրոպական միության երկրների արտաքին գործերի նախարարների նիստը, որի օրակարգում Նիսում նոյեմբերի 14-ին Եվրամիություն - Ռուսաստան գագաթնաժողով անցկացնելու հարցն էր: Եվրոպական միության գործադիր մարմինը՝ Եվրահանձնաժողովը հավանություն է տվել բանակցությունների վերսկսմանը: Այդ մասին Եվրամիության արտգործնախարարների հավաքից հետո ասել է Ֆրանսիայի արտգործնախարար Բեռնար Կուշները:

Ռուսաստանի եւ Եվրոպական միության գործընկերության համաձայնագրի շուրջ բանակցությունները սեպտեմբերին ընդհատվել են օգոստոսին տեղի ունեցած ռուս-վրացական կարճատեւ պատերազմի կապակցությամբ:

Բրյուսելում հետաքրքիր ինտրիգն այն էր, որ անցած շաբաթվա ընթացքում Եվրամիության նախագահող Ֆրանսիան կարծիք էր հայտնել, որ Ռուսաստանը կատարել է բանակցությունները վերսկսելու համար անհրաժեշտ պարտավորությունները, մինչդեռ, Լիտվան հակառակն էր պնդել: Սակայն Լիտվան, ինչպես եւ այդ խնդրում նույն դիրքորոշումն ունեցող Լեհաստանը, չունեն Եվրահանձնաժողովի որոշումները վետոյի ենթարկելու իրավունք, ուստի, կարող են միայն համատեղ հայտարարությամբ քննադատական տեսակետ արտահայտել:

Եվրամիության արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Խավիեր Սոլանան բրյուսելյան այսօրվա հանդիպումից առաջ ասել է, որ նախընտրելի է Ռուսաստաանի հետ հարարաբերությունները զարգացնել համապատասխան պայմանագրի շրջանակներում:

Լյուքսեմբուրգի արտգործնախարար Ժան Ասելբորնն այս առումով ասել է, թե «բանակցությունները վերսկսելու որոշումը բնավ չի նշանակի զիջում, սա պարզապես արվում է Ռուսաստանի հետ հարաբերությունները ինչ-որ շրջանակների, համաձայնագրի մեջ դնելու համար: Ուստի, սա ձեռնտու է երկու կողմերին»:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG