Մատչելիության հղումներ

Փաստահավաք խմբում կոալիցիան առաջադրել է Ռոբերտ Ավագյանին եւ Գեւորգ Թովմասյանին


Այսօր տեղի է ունեցել իշխող քաղաքական կոալիցիայի խորհրդի նիստը, որտեղ քննարկվել է մարտի 1-2-ի իրադարձություններն ուսումնասիրելու նպատակով նախագահի հրամանագրով ստեղծվող Փորձագետների փաստահավաք խմբի կազմում անդամներ առաջադրելու հարցը:

Հայաստանի նախագահի մամլո գրասենյակի տեղեկացմամբ, իշխող քաղաքական կոալիցիան Փորձագետների փաստահավաք խմբի կազմում ընդգրկվելու համար առաջադրել է իրավագետներ Ռոբերտ Ավագյանին եւ Գեւորգ Թովմասյանին:

69-ամյա Ռոբերտ Ավագյանը 1965 թվականից աշխատում է Ազգային Ակադեմիայի Փիլիսոփայության, սոցիոլոգիայի եւ իրավունքի ինստիտուտում: Քրեական իրավունքի եւ քրեաբանության արդիական խնդիրներին նվիրված ավելի քան 250 հրապարակումների հեղինակ է:

43-ամյա արդարադատության առաջին դասի խորհրդական Գեւորգ Թովմասյանը ունի քննչական աշխատանքի հարուստ փորձ, երկար տարիներ աշխատել է դատախազության համակարգում:

Իշխող հանրապետական կուսակցությունը, ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց կուսակցության խոսնակ, Ազգային ժողովի պատգամավոր Էդուարդ Շարմազանովը, ասյօր երեկոյան կայանալիք ՀՀԿ-ի խորհրդի նիստում նաեւ կորոշի, թե ով է լինելու կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավարը:

Խմբակցության նախկին ղեկավար Կարեն Կարապետյանը անցած սեպտեմբերին նշանակվել է Հայաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG