Մատչելիության հղումներ

Երեկ երեկոյան ձերբակալվել է Ղարաբաղյան պատերազմի մասնակից, Ֆրանսիայի քաղաքացի Սարգիս Հացպանյանը: Այժմ Հացպանյանը գտնվում է Ազգային անվտանգության ծառայության մեկուսարանում, ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց նրա պաշտպան Տիգրան Աթանեսյանը` սուտ մատնության կասկածանքով:

«Սարգիս Հացպանյանը ձերբակալվել է ժամը 20:50-ին, մեղադրանք դեռեւս առաջադրված չէ, ըստ երեւույթին` կարող է առաջադրվել 72 ժամվա ընթացքում, երեւի թե կառաջադրվի», - ասաց փաստաբանը:

Ըստ Աթանեսյանի, Հացպանյանը Ազգային անվտանգության ծառայությունում մնացել է «ոչ երկար, գործողությունը տեւել է 2-3 ժամ, շատ սովորական, նույնիսկ կասեի` կարճ»: «Ճիշտ է, իրեն ցանկացել են բերման ենթարկել, բայց ինքը իր կամքով է ներկայացել», - հայտնեց պաշտպանը` հավելելով. - «Սարգիսն էլ է ինձ խնդրել դա փոխանցել, որ շատ պարկեշտ, շատ բարեկիրթ են իր հանդեպ վարվել, ապահովել են նրա բոլոր իրավունքները, բացարձակ ոչ մի օրենքի խախտում, ոչ մի ոչ կոռեկտ քայլ իր հանդեպ չի եղել»:

Նախորդ շաբաթ Ազգային անվտանգության ծառայությունը քրեական գործ էր հարուցել «Հայկական ժամանակ» օրաթերթի մի հրապարակման հիման վրա, որտեղ Հացպանյանը պնդել էր, թե «Սերժ Սարգսյանի դեմ մահափորձ է նախապատրաստվում»: Գործը հարուցված էր Քրեական օրենսգրքի 35-305 հոդվածի հատկանիշներով` «պետական գործչի նկատմամբ մահափորձի նախապատրաստություն»:

«Կարելի՞ է ասել, որ նախաքննական մարմինը ստուգել եւ հերքել է միտքը, որ արտահայտել էր Հացպանյանը, այն է` որ Սերժ Սարգսյանի դեմ մահափորձ է նախապատրաստվում», - այս հարցին Աթանեսյանը պատասխանեց. - «Ես չեմ տեսել, տեսնելուց էլ իրավունք չունեմ ասել, թե ինչ հոդվածով է հարուցել Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունը քրեական գործ: Կարող եմ հայտնել, որ ըստ երեւույթին` նրանք համարում են, որ նա սուտ է մատնում»:

Սուտ մատնություն կատարելու համար Քրեական օրենսգիրքը մինչեւ 5 տարի ազատազրկում է նախատեսում:

Ի պատասխան հարցի` արդյո՞ք երեկ տեղի ունեցած հարցաքննության ժամանակ Հացպանյանը պնդել է, որ իր տեղեկությունները ճիշտ են, պաշտպանն ասաց, որ ինքը հարցաքննության մանրամասներ հրապարակելու իրավունք չունի: Նա միայն փոխանցեց, որ Հացպանյանը իր ձերբակալությունը քաղաքական հետապնդում է համարում:

Սարգիս Հացպանյանը ընդդիմության ցույցերի ակտիվ մասնակից է: Փետրվարի 19-ի նախագահական ընտրություններից հետո նա նաեւ մասնակցում էր Ազատության հրապարակում կազմակերպված հացադուլներին եւ մինչեւ մարտի 1-ի դեպքերը, փաստորեն, բնակվում էր Ազատության հրապարակում տեղակայված վրաններում: Մարտի 1-ից հետո, ինչպես ինքը` Հացպանյանն էր ասում, ապրել է «Արցախյան ազատագրված տարածքներում»: Հոկտեմբերի 8-ից, երբ վերադարձել էր Երեւան, ոստիկանները մի քանի օր հսկողություն էին իրականացնում նրա տան մոտ:

Բանն այն է, որ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը այս տարվա մարտի 10-ին Սարգիս Հացպանյանին Հայաստանից արտաքսելու կարգադրություն էր ստորագրել: Կարգադրությունը, սակայն, կարող էր ուժի մեջ մտնել միայն այն դեպքում, երբ Հացպանյանը ստանար այն եւ ստորագրեր, ինչը մինչ օրս տեղի չի ունեցել:

«Մարտի 10-ից հետո ո'չ առձեռն եւ ո'չ էլ երեւանյան իմ բնակարանի հասցեով` գրավոր կարգով, ես այդ կարգադրությունը չեմ ստացել», - մինչեւ ձերբակալությունը «Ազատություն» ռադիոկայանին ասել էր Հացպանյանը:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Հացպանյանի ձերբակալությունը դատապարտեց Շուշիի հատուկ գումարտակի հրամանատար, «Հայ կամավորականների համախմբում» նախաձեռնության համակարգող Ժիրայր Սեֆիլյանը:

Ազգային անվտանգության ծառայության մամուլի խոսնակ Արծվին Բաղրամյանը այսօր առավոտից չէր պատասխանում «Ազատություն» ռադիոկայանի հեռախոսազանգերին:


Աստղիկ Բեդեւյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG