Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


Հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոն ստեղծելու մասին կառավարության հինգշաբթի օրվա որոշման կապակցությամբ «Չորրորդ իշխանություն»-ը գրում է. - «Կենտրոնի նպատակներից մեկը զանգվածային լրատվամիջոցների ընդհանուր եւ թեմատիկ դիտարկումն ու վերլուծությունն է: Հասկացա՞ք: Սրանից հետո լրատվամիջոցները մանրամասն «դիտարկվելու եւ ուսումնասիրվելու են»: Ընդ որում` թեմատիկ: Այսինքն, որ թերթը Սերժ Սարգսյանի մասին ինչ գրեց, Սաշիկ Սարգսյանի բիզնեսն ինչպես ներկայացրեց եւ այլն: Այդ կենտրոնն իրավունք ունի նաեւ հանդես գալ «ԶԼՄ-ների գործունեության իրավական կարգավորման հետ կապված նախաձեռնություններով»: «Մի խոսքով, Հայաստանում ստեղծվում է խոսքի ազատության վերջին փշրանքները ոչնչացնելու հստակ նպատակ հետապնդող պետական մարմին», - եզրակացնում է մեկնաբանը:

Նույն թեմայով «Հրապարակ»-ը իր խմբագրականում գրում է. - «Հայաստանի անկախության շրջանում նախագահի պաշտոնը զբաղեցրած անձինք իրենց պարտքն են համարում պայքարել ազատ մամուլի դեմ: Եթե Հայաստանի առաջին նախագահն այդ «անհրաժեշտությանը» հանգեց իր իշխանավարման 3-4-րդ տարում` 1994 թվականի փակելով Դաշնակցության թերթերը, ապա վերջին երկու նախագահները ավելի արագ կողմնորոշվեցին եւ այդ «ճշմարտությանն» ավելի շուտ հանգեցին: Ռոբերտ Քոչարյանի օրոք մամուլի դեմ ոտնձգությունները շատ էին. դրանցից մի քանիսն առանձնացնելը դժվար է: Մասնավորապես, կարելի է հիշել «Օրագիր» թերթի, «Նոյյան տապան» եւ «Ա1+» հեռուստաընկերությունների փակումը, բոլոր էլեկտրոնային լրատվամիջոցների նկատմամբ տոտալ ճնշումը: Ընդամենը 7 ամիս պաշտոնավարած Սերժ Սարգսյանը, ով բավական բարդ ամիսներ է ապրել եւ նոր-նոր սկսել է ուշքի գալ քաղաքական լարված իրավիճակից, դեռ մամուլի թշնամու իր «դեմքը» ցույց կտա: Երկու օր առաջ կառավարության որոշմամբ Հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոնի ստեղծումն այս առումով առաջին ծիծեռնակն է»:

«Բրյուսելից` Ջրմուկ» վերնագրի ներքո «Հայաստանի Հանրապետություն»-ը տեղեկացնում է. - «Բելգիայի Թագավորությունից Վայոց Ձորի մարզ. Հայաստանի Հանրապետության նախագահ, շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը երեկ երկօրյա աշխատանքային այցով Ջերմուկում էր: Թեեւ նախօրեին էր վերադարձել Բրյուսելից, շտապել էր Ջերմուկ` քաջալերելու շախմատի ազգային հավաքանին, որը նոյեմբերի 12-20-ը մասնակցելու է Դրեզդենում կայանալիք շախմատի 38-րդ համաշխարհային օլիմպիադային: Նախագահը հասցրեց թենիս խաղալ Լեւոն Արոնյանի հետ, ապա երկարատեւ հանդիպում ունեցավ շախմատիստների հետ»:

«Հայոց Աշխարհը»-ը գրում է. - «Լեւոն Տեր-Պետրոսյանը, ինչպես հայտնի է, անցած մեկ տարվա ընթացքում վարչախմբի դեմ մոլեգին պայքարի «շրջանակներում» անվերջ ճամարտակում էր վեհ գաղափարների մասին. ժողովրդավարություն, մարդու իրավունքներ, խոսքի ազատություն, քաղաքացու ազատություն, սահմանադրական նորմերի պահպանում, օրենքի գերիշխանություն... Ակնհայտ է, որ առաջնորդը «զլացել» էր վերհիշել, թե ինքն ինչպես էր վարվում սրանից 14 տարի առաջ, երբ երկրի ղեկավարն էր: Իսկ 14 տարի անց Լեւոն Տեր-Պետրոսյանն ի՞նչ ծրագրով կրկին ներխուժեց քաղաքական իրականություն։ Եվ այսօր էլ շարունակում է պայքար իրականացնելով իշխանություններին ոչնչացնելու, համակարգը կազմաքանդելու, նույնն է, թե պետությունը քանդելու, տակտիկան ու ստրատեգիան։ «Անկասելի» պայքարի նպատակն էլ մեկն է՝ ժողովրդի գլխին նստեցնել սեփական շայկայի անդամներին։ Նրանց, որոնք իր գլխավորությամբ 7-8 տարի հնարավորություն են ունեցել ազգը փրկելու եւ հրաշքներ գործելու։ Սակայն երկիրն ավերելուց ու թալանելուց բացի, «փրկության» այլ ծրագիր չունեին։ Եվ հիմա ուզում են ժողովուրդը հավատա իրե՞նց»:

Ամերիկահայ վերլուծաբան Ռիչարդ Կիրակոսյանը «Ժամանակ Երեւան»-ին տված հարցազրույցում կարծիք է հայտնում. - «Ամերիկյան նոր վարչակազմը կփոխի իր քաղաքականությունը ամբողջ Կովկասի նկատմամբ, մինչ այժմ Հայաստանի հետ թույլ էին հարաբերությունները, այդ հարաբերությունները կփոխվեն: Միացյալ Նահանգները այս իշխանությունների նկատմամբ ավելի պահանջկոտ կդառնա. ԱՄՆ-ը աչք չի փակի Հայաստանում կատարվող սխալների վրա, եւ ոչ թե կներմուծի այնպիսի դեմոկրատիա, ինչպիսին Բուշը փորձեց իրականացնել, այլ` ընդհակառակը, Միացյալ Նահանգները կաջակցի ներքին ժողովրդավարության հաստատմանը, ոչ թե Սորոսի` դրսից դեմոկրատիայի կողմնակիցը կլինի, այլ ներսից իրական հաստատման: Այսինքն` հայերը պետք է ժողովրդավարություն հաստատեն Հայաստանի համար, ոչ թե օտարները` օտար երկրի համար»:

«Առավոտ»-ը «Սուբյեկտիվ դիտարկումներ» վերնագրված խմբագրականում գրում է. - «Մարտի 1»-ի գործը մասամբ վերածվել է ընդդիմադիր հայացքներ ունեցող գործարարների, մասնավորապես` Խաչատուր Սուքիասյանի հետ հաշվեհարդար տեսնելու պրոցեսի: Ո՞րն է այստեղ իշխանության համար «դրականը». դա «մեսիջ» է տեղացի մնացած բոլոր գործարարներին. եթե ցանկանում եք Հայաստանում բիզնես անել` պարտավոր եք մեզ ծառայել: Բայց դրա հետ էլ կա նաեւ բացասականը. սեփականության ինստիտուտը Հայաստանում չի գործում, բիզնեսով զբաղվելը կախված է քաղաքական կոնյունկտուրայից: Դա էլ է «մեսիջ»` արտասահմանյան ներդրողներին: Բացասականը, այդպիսով, գերակշռում է»:

«Հայք»-ը «Հրաժեշտ ատոմակայանին» վերնագրի ներքո գրում է. - «Արդեն ակնհայտ է, որ ամենամոտ ապագայում Հայաստանն այլեւս ատոմային երկրների շարքում չի լինելու: Մենք ամբողջովին կախված ենք լինելու ներկրվող գազից եւ մեր երկրի ջրային ռեսուրսներից: Ատոմային վառելիքը տրամվայի նման Հայաստանում անցնելու է պատմության գիրկը: Բնականաբար, շատերը կհիշեն, որ իր ուղերձում Սերժ Սարգսյանը խոսել էր նոր ատոմակայանի կառուցման մասին, բայց մենք լավ հասկանում ենք, որ այդ հայտարարությունը անհրաժեշտ էր Մեծամորի ԱԷԿ-ը հնարավորինս անաղմուկ փակելու համար: Այսօր Սերժ Սարգսյանի թիվ մեկ խնդիրը ԱԷԿ-ի փակումն է եւ Եվրամիության անդամ երկրների ղեկավարության աջակցությունը ստանալը: Նույնիսկ 100 միլիոն եվրո են խոստացել ատոմակայանի փակման աշխատանքների համար: Ուշադրություն դարձնենք այն փաստին, որ գումարը խոստացել են ԱԷԿ-ի փակման, եւ ոչ թե փակման եւ նոր տիպի ատոմակայան կառուցելու համար»:


Ռուբեն Մելոյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG