Մատչելիության հղումներ

logo-print

«Պիցցա Դի Ռոմա»-ի տնօրենը եւ աշխատակցուհին գրավով ազատ արձակվեցին


Երեւանի քրեական դատարանը նոյեմբերի 6-ին բավարարել է «Պիցցա Դի Ռոմա» ընկերության տնօրեն Գեւորգ Սաֆարյանի եւ նույն ընկերության գանձապահ Անուշ Ղավալյանի միջնորդությունը՝ ընտրված խափանման միջոց կալանքից գրավով ազատելը թույլատրելի ճանաչելու մասին:

Վճռաբեկ դատարանի մամուլի քարտուղար Ալինա Ենգոյանի հաղորդագրության համաձայն` դատարանը որոշել է, որ միջնորդությունը հիմնավորված է եւ ենթակա է բավարարման՝ հաշվի առնելով, որ Սաֆարյանի կողմից հատուցվել է պետությանը պատճառված վնասի զգալի մասը, բացի այդ, ամբաստանյալները վատառողջ են եւ բուժման կարիք ունեն համապատասխան մասնագիտական հաստատությունում:

Միաժամանակ, դատարանը հիմք է ընդունել Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների եվրոպական կոնվենցիայի հոդված 5-ի երրորդ մասի պահանջը, որ «յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում դատաքննության իրավունք կամ մինչեւ դատաքննությունն ազատ արձակվելու իրավունք: Ազատ արձակումը կարող է պայմանավորվել դատաքննության ներկայանալու երաշխիքներով»:

Դատարանը որոշել է որպես գրավի չափ սահմանել Գեւորգ Սաֆարյանի համար` 3 միլիոն 500 հազար դրամ (շուրջ 11,5 հազար դոլար), իսկ Անուշ Ղավալյանի համար՝ 500 հազար դրամ:

Գեւորգ Սաֆարյանը մեղադրվում է Քրեական օրենսգրքի 205 հոդվածի երկրորդ մասով` «գանձվող հարկերը, տուրքերը կամ այլ պարտադիր վճարումները վճարելուց խուսափելը», իսկ Անուշ Ղավալյանը՝ Քրեական օրենսգրքի 38-205 հոդվածի երկրորդ մասով` «հանցակցություն»:

«Պիցցա Դի Ռոմա» ընկերությունը մաս է կազմում «Սիլ գրուպ» կոնցեռնին, որի հիմնադիր, Ազգային ժողովի պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը ներկայումս հետախուզման մեջ է «Մարտի 1»-ի գործով:

«Սիլ» կոնցեռնի ներկայացուցիչների պնդմամբ` Սուքիասյան ընտանիքին պատկանող կամ նրա հետ համագործակցող կազմակերպությունների նկատմամբ «հատուկ» ուշադրությունը եւ, ըստ իրենց` ապօրինի ստուգումները սկսվել են անցյալ տարվա սեպտեմբերի 21-ից հետո, երբ Սուքիասյան եղբայրները իրենց զորակցությունը հայտնեցին նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG