Մատչելիության հղումներ

Լրագրողները մտահոգություն են հնչեցնում Հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոնի ստեղծման կապակցությամբ


Հայաստանյան լրատվամիջոցների ներկայացուցիչները երեկ մտահոգություն հնչեցրին կառավարության նոյեմբերի 6-ի որոշմամբ Հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոնի ստեղծման առիթով` ենթադրելով, թե իրականում այն իրականացնելու է գրաքննություն:

Կենտրոնը, ըստ կառավարության որոշման, զբաղվելու է զանգվածային լրատվամիջոցների ընդհանուր եւ թեմատիկ դիտարկմամբ, ինչպես նաեւ վերլուծությամբ, նաեւ հանդես է գալու զանգվածային լրատվամիջոցների գործունեության իրավական կարգավորման հետ կապված նախաձեռնություններով:

«Սա ուղիղ գրաքննության ճանապարհ է», - «Ազատություն» ռադիոկայանին երեկ ասաց «Ա1+»-ի ղեկավար Մեսրոպ Մովսեսյանը: - «Ի՞նչ է նշանակում վերահսկել, դիտարկումներ անցկացնել: Ի՞նչ է նշանակում իրավական վերահսկում: Ես դա համարում եմ ուղիղ գրաքննություն: Նամանավանդ, որ այդ ամեն ինչը կազմակերպվելու է նախագահի նստավայրում եւ նախագահի, այսպես ասած, թեւի տակ: Ես համոզված եմ, որ իրենք ունենալու են այն, ինչ այսօր ունի Ռուսաստանը, եւ գնալու են այն ճանապարհով, որը տանում է դեպի փակուղի, որտեղ արդեն գտնվում են Ռուսաստանի մամուլը, հեռուստատեսությունը»:

«Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը մտահոգիչ է համարում արդեն այն փաստը, որ ստեղծվող կենտրոնը գործելու է նախագահին կից:

«Մեզ մոտ կառավարության ցանկացած որոշում կարող է մտահոգություն առաջացնել, որովհետեւ մեզ մոտ պարզ չէ, թե ինչը ինչի կարող է վերածվել», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Աբրահամյանը: - «Օրինակ, երբ ստեղծվեց Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովը, իմ մտքով անգամ չէր կարող անցնել, որ այն ստեղծվել էր «Ա1+»-ը փակելու համար: [Կառավարության] որոշման բուն տեքստից նման բաներ չեն բխում` սահմանափակումներ եւ այլն: Բայց, քանի որ մեզ մոտ չկան իսկապես իրավական կարգավորման մեխանիզմներ, դա կարող է նման բանի վերածվել: Եվ ամենակարեւորը, ես որքան հասկանում եմ, իրավական կարգավորումներով զբաղվում է ոչ թե նախագահի աշխատակազմը, այլ զբաղվում է խորհրդարանը: Եթե նրանք խնդիր ունեն կատարելագործելու օրենսդրությունը եւ այլն, ապա հենց խորհրդարանը եւ համապատասխան հանձնաժողովը պետք է դրանով զբաղվի: Այն, որ նման խնդիրները կենտրոնանում են նախագահի ապարատում, դա, ինչ խոսք, փոքր-ինչ մտահոգիչ է»:

Կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից «Ազատություն» ռադիոկայանի խնդրանքով նախաձեռնության հեղինակներից` Հայաստանի նախագահի աշխատակազմից ստեղծվող կենտրոնի վերաբերյալ ճշտել եւ փոխանցել են, որ զանգվածային լրատվամիջոցների թեմատիկ եւ ընդհանուր դիտարկում իրականացվելու է մեկ նպատակով. որպեսզի պետական մարմինները օպերատիվ եւ սպառիչ ձեւով արձագանքեն մամուլում տեղ գտած հրապարակումներին եւ բարձրացված խնդիրներին: Նորաստեղծ կենտրոնը պետք է ուսումնասիրություններ կատարի նաեւ պետական կառույցների գործունեության թափանցիկության, նրանց տրամադրած տեղեկատվության մատչելիության եւ տարածման վերաբերյալ: Կենտրոնը ուսումնասիրելու է ոչ միայն տեղական, այլեւ միջազգային տեղեկատվական դաշտը` պարզելու համար, թե ինչպես է Հայաստանը ներկայացվում այդ դաշտում, որքանով սպառիչ եւ հավաստի է երկրի մասին տեղեկատվությունը, եւ անհրաժեշտության դեպքում արձագանքելու է արտերկրի տեղեկատվական հոսքերում Հայաստանին վերաբերող հրապարակումներին:

Զանգվածային լրատվամիջոցների գործունեության իրավական կարգավորման հետ կապված նախաձեռնությունների վերաբերյալ նախագահի աշխատակազմից պարզաբանել են, որ դա նախատեսում է եվրոպական առաջադեմ փորձի ուսումնասիրում:

Ըստ նախաձեռնության հեղինակների, ստեղծվող կենտրոնն իր գործունեությամբ ավելի շատ գիտահետազոտական բնույթ կունենա եւ գրաքննության ու զանգվածային լրատվամիջոցների գործունեությունը սահմանափակելու հետ որեւէ կապ չունի:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG