Մատչելիության հղումներ

Միջազգային շուկայում պղնձի եւ մոլիբդենի գների կտրուկ անկման հետեւանքով լարվածություն է առաջացել Սյունիքի մարզի երեք կոմբինատներում։

Անցած երկու օրերին գործադուլ էին հայտարարել «Գիեպրո Մայնինգ» ընկերությանը պատկանող Ագարակի պղնձամոլիբդենային գործարանի բանվորները։

Ավեգլի վաղ «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում կոմբինատի գլխավոր տնօրեն Գիորգի Դեւաձեն ասել էր, որ գործարանի 1400 բանվորներից 300-ը մեկնելու են պարապուրդի` ստանալով իրենց այժմյան աշխատավարձի 66 տոկոսը, իսկ 50 թոշակառուներ ազատվել են աշխատանքից։ Ըստ Դեւաձեի, կոմբինատում միջին աշխատավարձը 500 դոլար է կազմում, եւ, հումքի միջազգային գների անկման հետեւանքով վճարումների նման մակարդակը պահելը հնարավոր չի լինելու։

Երեկ կոմբինատի բակում ընթացող բողոքի ցույցի ժամանակ գործադուլավորները «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրին, որ իրենց աշխատավարձերը կտրուկ նվազել են այն դեպքում, երբ գործարանի տնօրեն Գիորգի Դեւաձեն ու նրա մերձավորները «միլիոնավոր դոլարներ են ստանում ոչինչ չանելու համար», «փոշիացնում են 50 տարվա պատմություն ունեցող ձեռնարկության միջոցները»` կոմբինատին պատկանող «Բելազ» մեքենաները գրավադրելով եւ տասնյակ ջիպեր ձեռք բերելով։ Բանվորները նաեւ պնդեցին, որ իրենց միջին աշխատավարձը հազիվ 300 դոլար է կազմում` Դեւաձեի ներկայացրած 500-ի փոխարեն։

Մեղրիի ոստիկանապետի միջնորդությամբ ընթացած բանակցությունների արդյունքում` աշխատանքի 9 ամիսների ընթացքում առաջին անգամ կոմբինատի տնօրեն Գիորգի Դեւաձեն հանդիպեց սեփական աշխատողների հետ։ Լարված մթնոլորտում անցած հանդիպման ընթացքում Դեւաձեն ընդունեց բանվորների բոլոր մեղադրանքները, խոստացավ, որ կրճատումներ չեն լինի, աշխատավարձերը չեն իջնի, իսկ ինքը` կհրաժարվի տնօրենի պաշտոնից։ Այնուհետեւ Գիորգի Դեւաձեն լքեց կոմբինատը եւ ուղեւորվեց Երեւան։

Երկու օր Ագարակում` անգամ գիշերը շարունակվող բողոքի ակցիաների առթիվ Ագարակ ժամանած Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը բանվորներին խոստացավ, որ կհանդիպի կառավարության ներկայացուցիչների հետ եւ խնդրեց դադարեցնել գործադուլը։ Երեկվանից բանվորները վերսկսեցին աշխատանքը։

Լարվածություններ կան նաեւ Կապանի «Դինո Գոլդ Մայնինգ քամփնի» ընկերությունում, որտեղ 348 մարդ ժամանակավոր պարապուրդի վերաբերյալ ծանուցում է ստացել, եւ Քաջարանում գտնվող Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում։

Քաջարանի կոմբինատի գլխավոր տնօրեն Մաքսիմ Հակոբյանը «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրեց, որ կոմբինատում աշխատատեղերի եւ աշխատավարձերի կրճատումներ չեն լինի, սակայն պղնձի եւ մոլիբդենի գների անկման հետեւանքով, այս տարի Հայաստանի երկրորդ խոշոր հարկատու հանդիսացող կոմբինատը նախորդ տարիների համեմատ 20-25 տոկոսով պակաս հարկեր կվճարի պետբյուջե։


Անուշ Մարտիրոսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG