Մատչելիության հղումներ

Այսօր վրացիները հանրահավաք են անցկացնում


Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի ընդդիմախոսներն այսօր Թբիլիսիում բողոքի ցույցով նշում են 2007 թվականի նոյեմբերի 7-ին խաղաղ հանրահավաքը իրավապահների կողմից բիրտ ուժի գործադրումով ցրելու տարելիցը:

«Ֆրանսպրես»-ի փոխանցմամբ, այսօրվա հանրահավաքը Սահակաշվիլիի համար առաջին լուրջ փորձությունն է ռուս-վրացական օգոստոսյան կարճատեւ պատերազմից հետո:

Վրաստանի մայրաքաղաքում ցույցից առաջ հորդառատ անձրեւ էր տեղում: Խորհրդարանի շենքի մոտ հավաքված ընդդիմադիր կուսակցությունների ակտիվիստները մարդկանց բաժանել են թռուցիկներ, որոնց համաձայն, երկրում սկսվում է լուրջ շարժում, այն ենթադրում է «զանգվածային հանրահավաքներ եւ ընդդիմադիր այլ գործողություններ, որոնք հաջորդ տարվա գարնան սկզբին կավարտվեն համապետական արտահերթ ընտրություններով»:

Թռուցիկում ասվում է, որ եթե իշխանությունները չնշանակեն ընտրություններ 2009-ի ապրիլի 9-ին, ապա ընդդիմությունը կնախաձեռնի բողոքի շուրջօրյա ակցիաներ:

Ապրիլի 9-ը Վրաստանում համաժոովրդական ընդվզումի խորհրդանիշ է. 1989 թվականի ապրիլի 9-ին խորհրդային բանակն ուժով ցրել է բողոքի ակցիաները, ինչի արդյունքում զոհվել է 20 խաղաղ բնակիչ: 2009-ի ապրիլի 9-ին լրանում է այդ ողբերգության 20 տարին:

Միացյալ ընդդիմության լիդեր, այս տարվա հունվարի 5-ի նախագահական ընտրություններում Սահակաշվիլիից պարտություն կրած, սակայն քվեարկության արդյունքները չընդունած Լեւան Գաչեչիլաձեն նախօրեին հանդիպել է Թբիլիսիում հավատարմագրված օտարերկրացի դիվանագետների հետ եւ հայտնել, որ ընդդիմությունը պահանջում է բարեփոխել Ընտրական օրենսգիրքը, ապահովել խոսքի ազատությունը, ազատ արձակել քաղբանտարկյալներին եւ անցկացնել խորհրդարանական ու նախագահական նոր ընտրություններ:

«Մենք դիվանագետներին տեղեկացրել ենք մեր ծրագրերի մասին: Նախագահ Միխեիլ Սահակաշվիլին եւ ներքին գործերի նախարար Վանո Մերաբիշվիլին ցույցի ընթացքում կարող են տարբեր սադրանքներ սարքել, մենք ամեն ինչ կանենք, որ ցուցարարները չենթարկվեն դրանց», - ասել է Գաչեչիլաձեն` հավելելով, որ այսօրվա ակցիան խաղաղ է լինելու:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG