Մատչելիության հղումներ

Եվրամիությունը կօժանդակի Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումներին


Եվրամիությունը սկսել է լրջորեն զբաղվել Հայաստանով եւ լուրջ քայլեր է ձեռնարկում Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումներին օժանդակելու համար: Այդ մասին հայտարարեցին Եվրամիության ղեկավարները` Ժոզե Մանուել Բարոզուն եւ Բենիտա Ֆերերո-Վալդները Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպելուց հետո:

Երեկ Բրյուսելում Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը եւ Եվրամիության արտաքին հարաբերությունների գծով հանձնակատար Բենիտա Ֆերերո-Վալդները ստորագրեցին համաձայնագիր, որի իրականացումը պետք է օժանդակի Հայաստանի ներքին բարեփոխումներին:

«Հայաստանի խնդրանքով մենք բարձր մակարդակի խորհրդակցական խումբ ենք ուղարկում, որը գլխավորապես օժանդակելու է Հայաստանի նախագահին, Ազգային ժողովին, վարչապետին, մարդու իրավունքների պաշտպանին եւ մի շարք նախարարությունների, այդ թվում` էկոնոմիկայի, ֆինանսների եւ արտաքին գործերի», - համաձայնագրի ստորագրումից հետո ասաց Բենիտա Ֆերերո-Վալդները:

Նրա փոխանցմամբ` այս բարձր մակարդակի խորհրդակցական խումբը կազմված է շուրջ մեկ տասնյակ գլխավոր խորհրդականներից, որոնք պետք է ընտրեն եւ աշխատանքի ընդունեն լրացուցիչ փորձագետների` իրենց աջակցելու համար:

Ժոզե Մանուել Բարոզուն Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից հետո պատասխանեց նաեւ լրագրողների հարցերին:

Ներածական խոսքում Եվրահանձնաժողովի նախագահն ասաց, թե Հայաստանը Եվրոպայի մասն է կազմում, եւ Եվրամիությունը քաղաքական ու ֆինանսական օժանդակություն է ցուցաբերելու Հայաստանին:

Բարոզուի խոսքերով` Եվրամիության խորհրդակցական փորձագետների խումբը Հայաստան ուղարկելու նախագիծը դրական ներազդեցություն կունենա Հայաստանի ներքին բարեփոխումների գործընթացի վրա:

«Հանձնաժողովը հատուկ ուշադրություն է դարձնում իրավական համակարգի բարեփոխումների եւ Հայաստանում մամուլի իրավիճակի վրա, ուր մենք դեռ հույս ունենք տեսնել առաջընթաց», - ասաց Ժոզե Մանուել Բարոզուն:

Եվրամիության ղեկավարները եւ Հայաստանի նախագահը քննարկել են նաեւ տարածաշրջանային հարցեր, ստորագրել են համատեղ հայտարարություն:

Եվրահանձնաժողովի նախագահը բարձր գնահատեց նաեւ Հայաստանի դրական արձագանքը Թուրքիայի կովկասյան կայունության նախաձեռնությանը` ընդգծելով, որ դա կարեւոր է ողջ տարածաշրջանի համար. - «Երեւանի եւ Անկարայի միջեւ շարունակվող խորհրդակցությունները կարող են շոշափելի դրական ազդեցություն ունենալ ընդարձակ Կովկասյան տարածաշրջանի անվտանգության համար, այդ թվում նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման առումով»:

Սերժ Սարգսյանը Բրյուսելից վերադարձել է անցած գիշեր:


Հրայր Թամրազյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG