Մատչելիության հղումներ

2007 թվականի նոյեմբերի 7-ին Վրաստանի ոստիկանության հատուկ ուժերը մայրաքաղաք Թբիլիսիի կենտրոնում բիրտ ուժի միջոցով ցրեցին ընդդիմության խաղաղ ցույցը: Քչերն էին ակնկալում, որ դրանից չորս տարի առաջ ամբողջ Արեւմուտքի հավանությանն արժանացած «վարդերի հեղափոխությունը» նման վախճան կունենա:

Ներքաղական իրավիճակը Վրաստանում առավել սրվել էր, երբ անցած տարվա սեպտեմբերի վերջին հեռուստատեսության ուղիղ եթերում պաշտպանության նախկին նախարար Իրակլի Օքրուաշվիլիին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիին մեղադրել էր քաղաքական սպանություններ պատվիրելու մեջ:

Սահակաշվիլին այդ մեղադրանքները որակեց որպես անհեթեթություն եւ սադրանք: Օքրուաշվիլին ձերբակալվեց: Հաջորդ օրը շուրջ 10 հազար ցուցարարներ դուրս եկան փողոցներ, առաջ քաշելով երկու պահանջ՝ նախագահի հրաժարական եւ խորհրդարանական ընտրությունների անցկացում ապրիլին, ինչպես Սահմանադրությամբ է նախատեսված:

Ընդդիմադիր 10 կուսակցությունները ստեղծեցին Ազգային խորհուրդ եւ հոկտեմբերի 17-ին հրապարակեցին համատեղ հռչակագիր, որով իրավիճակը երկրում որակեցին ողբերգական, Սահակաշվիլիին մեղադրեցին կոռումպացված թիմ կազմելու, քաղաքական ահաբեկչություններ ծրագրելու եւ մարդու տարրական իրավունքները ոտնահարելու մեջ:

Նոյեմբերի 2-ին տեղի ունեցավ առաջին խոշոր հանրահավաքը, որն անցավ «Վրաստանն առանց Սահակաշվիլիի» կարգախոսի ներքո: Հանրահավաքները դարձան պերմանենտ, իսկ նոյեմբերի 7-ին Սահակաշվիլին ուժայիններին հրամայեց ցրել ցույցը: Նա արտակարգ դրություն հայտարարեց` պնդելով, թե ցուցարարներին սատարում է Ռուսաստանը:

Սահակաշվիլին 2008 թվականի հունվարի 5-ին նշանակեց նախագահական արտահերթ ընտրություններ, որոնցում հաղթեց, ըստ Վրաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի` վաստակելով քվեների շուրջ 53 տոկոսը:

Ընդդիմության առաջատար թեկնածու Լեւան Գաչեչիլաձեն վերահաշվարկ պահանջեց` պնդելով, որ իրականում Սահակաշիլին քվեների 46-48 տոկոսն է ստացել, ինչի դեպքում նախատեսված է ընտրությունների երկրորդ փուլ:

Միջազգային դիտորդները լուրջ խախտումներ էին բացահայտել, սակայն չվիճարկեցին ընտրությունների արդյունքները:

Մայիսին տեղի ունեցան խորհրդարանական ընտրություններ: 235-տեղանոց խորհրդարանի փոխարեն ընտրվեց 150-տեղանոցը, որտեղ ընդդիմությունն է'լ ավելի քիչ թվով տեղեր ստացավ, իսկ ընտրված 31 ընդդիմադիր պատգամավորների կեսը հրաժարվեցին մանդատներից:

2008-ի օգոստոսին Վրաստանը ծանր հարված ստացավ՝ Ռուսաստանի հետ կարճատեւ պատերազմի արդյունքում փաստացի կորցնելով Հարավային Օսիան եւ Աբխազիան:

Վրաստանի ընդդիմությունը համոզված է, որ նման վիճակ չէր ստեղծվի, եթե երկրում լիներ ժողովրդավարություն, եւ արդար ճանապարհով ընտրվեին նախագահն ու խորհրդարանը:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG