Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Առավոտ»-ի խմբագիրը, անդրադառնալով Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի` նոյեմբերի 5-ին հրապարակած ուղերձին, գրում է. - «Մեդվեդեւի ուղերձը Դաշնային ժողովին ուներ երկու հիմնական շեշտադրում` ԱՄՆ-ի առաջ միջուկային սուր ճոճելը եւ, անշուշտ, երկու տարով իր սեփական եւ մեկ տարով` գրպանային Դումայի լիազորությունները երկարացնելը: Միանգամայն կանխատեսելի էր նաեւ, որ համառուսաստանյան պատասխանատու հեռուստաալիքներով կհնչեն բացառապես ցարական հրովարտակը փառաբանող ելույթներ: Այս ֆոնի վրա այնքան էլ հասկանալի չէ, թե ինչու է մեր ընդդիմությունը, որն իրավամբ պահանջում է Հայաստանի ներքին կյանքի ժողովրդավարացում, այնքան «ընկերացել» Ռուսաստանի հետ, որ նրա «թասիբն է պահում» թե' Հարավային Օսիայի եւ թե' Մինսկի խմբի հարցում: Հնարավո՞ր է ներքին կյանքում լինել ֆեոդալ, իսկ միջազգային ասպարեզում` ժողովրդավար»:

«Բարձրագույն իշխանության մեջ մեկին ցույց տվեք, որ սուտ չի խոսում, բարձր ինտելեկտ ունի, մտահոգ է միայն երկրի համար ու ապրում է իր աշխատավարձով։ Չկա», - կարդում ենք «Ժամանակ Երեւան»-ի խմբագրականում։ - «Ու ի՞նչ սովորեցնես ուսանող-աշակերտին-նոր-նոր կյանք մտնողին...Որ նախարար ու ավելի վեր դառնալու համար պիտի հարմարվես-խաբես, վերաբերմունք ցույց տաս, չհակաճառես, չպնդես քոնը, եթե անգամ հարյուր տոկոսով էլ համոզված ես, կաշառք տաս ու պատրաստ լինես ցանկացած ստորացման` էնքան որ քո ուզածին հասնես... Ու եթե շարունակենք հարմարվել ու ոչինչ չձեռնարկել` էս էլ կմնա»։

«Չորրորդ իշխանության» կարծիքով, Սուքիասյանների ընտանիքի դեմ սանձազերծած տեռորով, ռեժիմն արձանագրեց, որ «մյուս գործարարները սեփականություն չունեն». - «Կատարվածը ֆիքսում է, որ Հայաստանի առանց բացառության բոլոր գործարարները իրենց սեյֆերում ոչ թե սեփականության վկայականներ ունեն, այլ ընդամենը թղթի կտորներ... Սերժ Սարգսյանի փեսան վաղուց աչք ուներ Սուքիասյանների բիզնեսի վրա»։

«Քոչարյանը կարող է քաղաքականություն վերադառնալ հենց խորհրդարանի միջոցով հեղաշրջում անելով», - եզրակացրել է «Հայկական ժամանակ»-ը։ Վարդան Օսկանյանի Սիվիլիթաս հիմնադրամի ետեւում իրականում կանգնած է Ռոբերտ Քոչարյանը, եւ հիմնադրամը, թերթի տեղեկություններով, առաջիկայում կդառնա կուսակցություն. - «Դրա անդամ են դառնալու ոչ անհայտ մարդիկ` սկսած Ազգային ժողովի նախկին նախագահ Տիգրան Թորոսյանից, վերջացրած Սերժ Սարգսյանից դժգոհ այլ մարդկանցով ու Քոչարյանի մերձավորներով»։ «Չի բացառվում, որ խորհրդարանում ձեւավորվի նաեւ նոր խմբակցություն», - գրում է «Հայկական ժամանակ»-ն ու մանրամասնում. - «Այս ընթացքում Սերժ Սարգսյանը հասցրել է այնքան նեղացնել հանրապետականներին, որ նրանք մի օրվա մեջ կարող են փոխել իրենց անունն ու անցնել Քոչարյանի կողմը։ Նորաստ»ղծ կուսակցությանը նաեւ «Բարգավաճ Հայաստան»-ից կարող են անդամակցել։ Խոսքը բոլոր նրանց մասին է, ում ժամանակին այս կուսակցության անդամ է նշանակել անձամբ Քոչարյանը»։

«Երկիր» թերթում կարդում »նք. - «Մոսկովյան հռչակագիրը ստորագրելուց հետո Իլհամ Ալիեւը անմիջապես մեկնեց Անկարա` պատմելու, թե ինչ էին ուզում ռուսները, որ չի արտացոլված հռչակագրի ոչ մի կետում։ Սերժ Սարգսյանն էլ մեկնեց Փարիզ, հետո` Բրյուսել։ Նույն նպատակով արդյո՞ք»։ Թերթը կարծում է, որ հավանաբար այո։ «Ի՞նչ է ուզում Ռուսաստանը... Ուզում է վերականգնել իր սասանված ազդեցությունը Անդրկովկասում։ Եվ քանի որ Հայաստանից Ռուսաստանի Դաշնությունը չի բացակայել թե բառի ուղիղ եւ թե ազդեցության լծակների իմաստով, ուրեմն խոսքն այստեղ վերաբերում է առավելապես Ադրբեջանին»։

«Հայոց Աշխարհ»-ը «Ընդդիմության պարտվողականության տվայտանքները» վերնագրված խմբագրականում գրում է. - «Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Տեր-Պետրոսյանի վերջին հարցազրույցից հետո արմատական ճամբարում տարօրինակ եռուզեռ է տիրում»։ Մեկնաբանելով Հայ ազգային կոնգրեսի առաջ քաշած թեզերը, համադրելով ու վերլուծելով դրանք, խմբագրականի հեղինակը հարցնում է. - «Ուրեմն ո՞րն է Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի ու նրա շրջապատի կողմից ներկայումս տարածվող խուճապի եւ դրան ուղեկցող անհիմն չարախնդության պատճառը, եթե ոչ այն փաստի գիտակցումը, որ Ղարաբաղի հարցում իշխանությունների, նաեւ ժողովրդի ու պետության ձախողման պարագայում միայն իրենք կստանան 2008 թվականի փետրվարյան նախագահական ընտրապայքարում տանուլ տված պարտիան վերախաղարկելու հնարավորություն»:

«Առավոտ»-ը պնդում է. - «Ազգային ժողովում բյուջետային քննարկումների ժամանակ գրեթե բոլոր պատգամավորները առաջարկություններ են անում ոչ թե շարքային քաղաքացիների դարդ ու ցավը հոգալու համար, այլ իր հարազատի, եղբոր, քրոջ, աներձագի բիզնեսին մի բան հատկացնելու նպատակով»։ Թերթը նաեւ օրինակներ է բերում. - «Մխիթար Մնացականյանը իր անձնական սեփականություն հանդիսացող Կարմիր խաչի «Գրացիա» վերականգնողական կենտրոնի համար 42 միլիոն է խնդրել... Իսկ Վերահսկիչ պալատի նախագահի տեղակալ Լեւոն Յոլյանն իր հոր անվան արյունաբանական կենտրոնի համար` 18 միլիոն»:


Աստղիկ Բեդեւյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG