Մատչելիության հղումներ

«Ա1+»-ին կվճարվի 30 հազար եվրո


Հայաստանի կառավարությունը երեկ հաստատեց արդարադատության նախարարության ներկայացրած որոշման նախագիծը, որով պահուստային ֆոնդից նախարարությանը կհատկացվի 30 հազար եվրոյին համարժեք դրամ` ի կատարումն «Ա1+»-ին վերաբերող Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշման:

«Մելտեքս» ՍՊԸ-ին, որի մեջ է մտնում 2002 թվականի ապրիլին եթերազրկված «Ա1+»-ը, կվճարվի 20 հազար եվրոյին համարժեք դրամ` որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում, եւ 10 հազար եվրո` որպես դատական ծախսերի փոխհատուցում:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, թե դրա «անհրաժեշտությունը պայմանավորված է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռներն անվերապահորեն կատարելու` Հայաստանի կողմից Եվրոպայի խորհրդի առջեւ ստանձնած պարտավորության կատարման հրամայականով»: Վճռի կատարման պարտադիր պայմաններից մեկն էլ դիմումատուի խախտված իրավունքների համար Եվրոպական դատարանի կողմից սահմանված արդարացի փոխհատուցման գումարի վճարումն է:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը այս տարվա հունիսի 17-ի վճռով եզրակացրել է, որ «Մելտեքս»-ի` տեղեկատվություն եւ գաղափարներ տարածելու ազատությանը միջամտելը` մասնավորապես յոթ անգամ մերժելով հեռարձակման լիցենզիայի տրամադրումը, չի համապատասխանում Եվրոպական կոնվենցիայով սահմանված պահանջներին` ի խախտումն 10-րդ հոդվածի»:

«Տարիների ընթացքում մեր վնասները շատ ավելի մեծ էին, քան նշանակված փոխհատուցումը», - «Ազատություն» ռադիոկայանին երեկ ասաց «Մելտեքս»-ի նախագահ Մեսրոպ Մովսեսյանը: - «Ես չէի ուզենա ակցենտը դնել լրիվ ֆինանսների վրա, որովհետեւ ինձ համար այսօր ավելի կարեւոր է իմ իրավունքների վերականգնումը Հայաստանի Հանրապետությունում... Մեր ուշադրությունը պետք է սեւեռենք դատարանի որոշման մնացած բոլոր կետերի կատարման վրա, որոնցից ամենակարեւորը մեր իրավունքների վերականգնումն է եւ թափանցիկ մրցույթ անցկացնելը»:


Հովհաննես Շողիկյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG