Մատչելիության հղումներ

logo-print

Կիրո Մանոյանը վտանգավոր է համարում հայ-թուրքական հանձնաժողովի ստեղծումը


Հայ-թուրքական հանձնաժողովի ստեղծմանը համաձայնություն տալով` Հայաստանը հարցականի տակ կդնի Միացյալ Նահանգների նորընտիր նախագահի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը, գտնում է Դաշնակցության բյուրոյի Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը:

Մանոյանը չի կարծում, որ Բարաք Օբամային ուղղված Ռեջեփ Թայիբ Էրդողանի ուղերձը` որում Թուրքիայի վարչապետը թուրք-ամերիկյան հարաբերությունները պայմանավորում էր Հայոց ցեղասպանության փաստը չճանաչելու` ամերիկյան ներկայիս քաղաքականության շարունակմամբ, կարող է ազդել Միացյալ Նահանգների նորընտիր նախագահի դիրքորոշման վրա:

«Որ ի վերջո` Օբաման իր խոստումները կկատարի` դրա մեջ կասկածելու հիմք չունենք, որովհետեւ այդ կեցվածքը ինքը վերահաստատեց` հակառակ Թուրքիայի կողմից միջամտության` նախքան ընտրությունները»,-այսօր «Ազատություն» ռադիոկայանին ասաց Կիրո Մանոյանը` հավելելով.«Եթե հանկարծ պատահի, որ Հայաստան-Թուրքիա բանակցությունների մեջ, այն հանձնաժողովները, որոնց մասին խոսվում է, նույնիսկ ցեղասպանության հարց կարող են քննարկել, եւ եթե հանկարծ այդպիսի հանձնաժողով կազմվի, պարզ է, որ Օբամայի կամ ցանկացած այլոց կողմից ցեղասպանության ճանաչումը կարող է հարցականի տակ դրվել»:

Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը, մեզ հետ զրույցում արձանագրելով, որ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը Թուրքիայի համար Վաշինգտոնի հետ հարաբերվելու առումով չափազանց էական է, կարծիք հայտնեց, որ խնդիրը բարոյական հարթությունից` քաղաքական հարթություն տեղափոխելու պրակտիկան ծագել է 1998 թվականից հետո, երբ Թուրքիան առաջարկեց ստեղծել 1915 թվի իրադարձությունները ուսումնասիրող հանձնաժողով: Այսպիսով, ըստ Զուրաբյանի.«Թուրքիային հաջողվեց մարդկության դեմ գործած իր հանցագործությունը տեղափոխել հայ-թուրքական վեճի հարթություն: Բայց Սերժ Սարգսյանը այդ խայտառակության վրա մի ավելի մեծ խայտառակ բան կառուցեց` փաստորեն ընդունելով այդ առաջարկը»,-հայտարարեց Լեւոն Զուրաբյանը:


Տիգրան Ավետիսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG