Մատչելիության հղումներ

Շվեդիան ներկայացնող հայազգի ըմբշամարտիկ Արա Աբրահամյանը, ով Պեկինի Օլիմպիական խաղերի ժամանակ ի նշան բողոքի շպրտել էր իրեն շնորհված բրոնզե մեդալը, երկու տարով որակազրկվել է` «սկանդալային պահվածքի» համար:

«Ասոշիեյթեդ փրես» գործակալության վկայությամբ` Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի (FILA) այսօրվա որոշմամբ երկու տարով որակազրկվել է նաեւ Աբրահամյանի մարզիչ Լեո Միլարին, իսկ Շվեդիայի ըմբշամարտի ֆեդերացիան նույն ժամկետով զրկվել է միջազգային մրցաշարեր հյուրընկալելու իրավունքից:

FILA-ն նաեւ տուգանել է Աբրահամյանին` 3 հազար շվեյցարական ֆրանկի (2,6 հազար դոլար), նրա մարզչին` 10 հազար, իսկ Շվեդիայի ըմբշամարտի ֆեդերացիային` 50 հազար ֆրանկի չափով:

Պեկինի Օլիմպիական խաղերի հունահռոմեական ըմբշամարտի մրցաշարում 84 կիլոգրամ քաշային կարգում հանդես եկած Աբրահամյանը մասնակցել էր պարգեւատրման արարողությանը եւ ստացել մեդալը, ինչից հետո իջել էր պատվանդանից, շպրտել մեդալը մրցագորգի վրա եւ հեռացել: Այդ քայլով նա իր բողոքն էր արտահայտել մրցավարների դեմ, որոնք, նրա համոզմամբ` անարդարացիորեն, կիսաեզրափակիչում հաղթանակը շնորհել էին իր մրցակցին` իտալացի Անդրեա Մինգուցիին, որն էլ դարձել է օլիմպիական չեմպիոն:

«Սա իմ վերջին մրցաշարն է: Ես ոսկի էի ուզում, հետեւաբար` ձախողված եմ համարում այս Օլիմպիադան», - հայտարարել էր 33-ամյա Աբրահամյանը, ով 2004 թվականի Աթենքի Օլիմպիադայում արծաթե մեդալի էր արժանացել:

Շվեդիայի թիմի մարզիչ Լեո Միլարին, իր հերթին, «քաղաքական» էր որակել մրցավարների որոշումը:

Միջազգային օլիմպիական կոմիտեն որակազրկել է Աբրահամյանին ոչ սպորտային պահվածքի համար եւ հետ է վերցրել Օլիմպիադայում նրան շնորհված բրոնզե մեդալը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG