Մատչելիության հղումներ

Ալբերտ Սուքիասյան. «Ատելությամբ երկիր չեն կառավարում»


«Սիլ գրուպ» կոնցեռնի հիմնադիր Խաչատուր Սուքիասյանի հայրը` Ալբերտ Սուքիասյանը բաց նամակ է հղել Հայաստանի իշխանություններին, մամուլին, Հայաստանում հավատարմագրված դեսպանություններին եւ միջազգային կառույցներին, որում ուշադրություն է հրավիրում իրենց ընտանիքի եւ նրան պատկանող ընկերությունների շուրջ ծավալվող իրադարձությունների վրա:

«Իմ ավագ որդին` Ազգային ժողովի երեք գումարման պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը համարձակություն ունեցավ 2007 թվականի սեպտեմբերի 21-ին ներկա լինել Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի կազմակերպած ընդունելությանը, իսկ հետագայում հայտարարեց նախագահական ընտրություններում Տեր-Պետրոսյանի թեկնածությունը պաշտպանելու մասին: Այդ օրերից սկսվեց իշխանությունների մի վայրագ, անօրինական եւ ամոթալի արշավ մեր ընտանիքի եւ նրան մոտ կանգնած մարդկանց եւ կազմակերպությունների դեմ», - գրում է Ալբերտ Սուքիասյանը:

Ընդգծելով, որ «Սիլ» կոնցեռնում ընդգրկված` «Պիցցա Դի Ռոմա», «Բջնի», «Պարես Արմենիա» եւ այլ ընկերություններում «բոլոր ստուգումները, ձերբակալությունները, ձեռնարկությունների բնականոն աշխատանքների խափանումը, մի քանի տասնյակ միլիոն դոլարի հասնող հարկային պահանջների ներկայացումը սկիզբ առան 2007 թվականի սեպտեմբերի 21-ից հետո», Սուքիասյանը շարունակում է. - «Որպես քաղաքացի ես հասկանում եմ բոլոր նրանց, ովքեր ընտրություններին սատարել են Սերժ Սարգսյանին, դա ցանկացած մարդու ընտրությունն է եւ իրավունքը: Բայց եթե դա այդպես է, ինչու՞մն է իմ որդու՝ Խաչատուրի մեղքը: Այն որ կանգնել է իր ավագ ընկերոջ կողքի՞ն: Դա էլ որդուս քաղաքական իրավունքն է, որը պետք է հարգի ե'ւ Սերժ Սարգսյանը, ե'ւ նրա քաղաքական թիմի ցանկացած անդամ»:

«Ես քաջ գիտակցում եմ, որ իշխանության որոշ ներկայացուցիչներ նպատակ ունեն վերաբաժանել, խլել մեր քրտնաջան աշխատանքով վաստակած ունեցվածքը: Եվ այս ամենը կատարվում է օրը ցերեկով եւ մի ընտանիքի նկատմամբ, որն ունի մեծ հեղինակություն ինչպես երկրի ներսում, այնպես էլ դրսում, եւ որը բարեխիղճ եւ շատ խոշոր հարկատու է: Եթե այդպես են վերաբերվում մեր հանդեպ, ապա ինչպե՞ս վարվեն, ո՞ւմից պատիվ պահանջեն հարյուրավոր այլ ձեռնարկատերեր, որոնց շահերը պարբերաբար ոտնահարվում են», - ասված է նամակում, որի տեքստը տրամադրել են «Սիլ» կոնցեռնից:

«Մեր երկիրն այսօր ողողված է սպանություններով, ծանր այլ հանցագործություններով, հաշվեհարդարներով: Դա խոսում է նաեւ այն մասին, որ արդարադատությունը կախել է գլուխը եւ մարդիկ փորձում են ծագած հարցերը, վեճերը լուծել իրենց ձեւով», - գրում է Ալբերտ Սուքիասյանը:

Համոզմունք հայտնելով, որ «այս ամենին վերջ տալու համար քաղաքական կամք է հարկավոր», նամակի հեղինակը կոչ է անում հորդորել ներկայիս իշխանությանը «մտածել ոչ միայն այսօրվա իրենց անձնական շահերի մասին, հակառակ դեպքում ատելությունն էլ ավելի է խորանալու, իսկ ատելությամբ երկիր չեն կառավարում»:

Խաչատուր Սուքիասյանը ներկայումս հետախուզման մեջ է «Մարտի 1»-ի գործով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG