Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյան. «Բարաք Օբամայի ընտրությունը կնպաստի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը»


Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը վստահ է, որ Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնում Բարաք Օբամայի ընտրությունը նպաստելու է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը: Այդ մասին նա հայտարարեց երեկ երեկոյան Բրյուսելում` Եվրամիության խորհրդի գլխավոր քարտուղար Խավիեր Սոլանայի հետ հանդիպմանը հաջորդած համատեղ մամլո ասուլիսում:

Պատասխանելով թուրքական գործակալության լրագրողի հարցին, Հայաստանի նախագահը, մասնավորապես, ասաց. - «Ձեր հարցը ինձ հնարավորություն է տալիս հենց այստեղից շնորհավորել Միացյալ Նահանգների ժողովրդին նոր նախագահ ընտրելու կապակցությամբ եւ ասել, որ ես վստահ եմ, որ այս ընտրությունը աշխատելու է ի օգուտ հայ-թուրքական հարաբերությունների հաստատման եւ վերականգնման: Պարոն Օբաման ե'ւ նախընտրական փուլում, ե'ւ դրանից առաջ շատ հստակ է արտահայտվել մեր հարաբերությունների մասին, եւ ես կարծում եմ` նա կօժանդակի մեր հարաբերությունները կարգավորելուն: Թեեւ այդ հարաբերությունները, առաջին հերթին, կախված են թուրքական եւ հայկական կողմերից»:

Ինչ վերաբերում է Աբդուլա Գյուլի Երեւան կատարած այցից հետո Թուրքիա իր հնարավոր պատասխան այցին, ապա այն, ըստ Սերժ Սարգսյանի, կախված է հետագա բանակցությունների ընթացքից. - «Պարոն Գյուլը Երեւանում ինձ հրավիրեց ներկա գտնվելու Հայաստան-Թուրքիա հավաքականների պատասխան խաղին, որ պետք է տեղի ունենա 2009 թվականի հոկտեմբերին Ստամբուլում: Բայց, կարծում եմ, դա մեկ տարի ժամանակ է, եւ մինչեւ այդ կարող է մենք հաջողություն ունենանք»:

Սերժ Սարգսյանը Եվրոպա է մեկնել Մոսկվայից` ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ համատեղ հռչակագիրը ստորագրելու հաջորդ օրը: Ըստ հաղորդագրությունների, ղարաբաղյան խնդիրը եղել է ե'ւ Եվրամիության նախագահող Ֆրանսիայի ղեկավար Նիկոլա Սարկոզիի հետ փարիզյան հանդիպման առանցքում, ե'ւ Բրյուսելում Եվրամիության բարձրաստիճան պաշտոնյաների հետ բանակցությունների օրակարգում:

Խավիեր Սոլանան երեկ ողջունեց նախագահների մոսկովյան հանդիպումն ու բանակցությունները ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի շրջանակներում շարունակելու պայմանավորվածությունը:

«Ողջունում ենք Մոսկվայում տեղի ունեցած հանդիպումը: Կարծում եմ, երկու երկրներում կայացած ընտրություններից հետո դա նախագահների համար հանդիպելու եւ միմյանց ձեռք սեղմելու լավ հնարավորություն էր: Հուսով եմ, որ հանդիպումը շարունակություն կունենա: Մինսկի խմբի ձեւաչափով բանակցությունների շարունակումը դրական քայլ է», - հայտարարեց Եվրամիության խորհրդի գլխավոր քարտուղարը:

Սոլանան նաեւ նշեց, որ այս տարածաշրջանը շատ կարեւոր է իրենց համար, եւ երկկողմ հարաբերություններ խորացման անհրաժեշտություն կա: Իսկ Ռուսաստանի հետ Հայաստանի ռազմավարական դաշնակցային հարաբերությունները, նրա հավաստմամբ, Եվրամիությանը չեն անհանգստացնում:

Նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ` Սերժ Սարգսյանը երեկ հանդիպել է նաեւ Բելգիայի Սենատի եւ Ներկայացուցիչների պալատի նախագահներ Արմանե դե Դեկերի եւ Հերման վան Ռոմպոյի, Եվրախորհրդարանի մի խումբ պատգամավորների, Բելգիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, այցելել է Բելգիայում Հայաստանի դեսպանատուն:


Իրինա Հովհաննիսյան, Պրահա

(Լուսանկարը` նախագահի մամլո գրասենյակի)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG