Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Իշխանություններն ամիսներ շարունակ փորձում էին հասարակությանը համոզել, թե մարտի մեկի գործով ազատազրկվածները ոչ թե քաղբանտարկյալներ են, այլ` քրեական հանցագործներ: Դատախազությունը ամիսներ շարունակ գործեր էր թխում, դատարաններն էլ դակում էին համապատասխան որոշումները»,- գրում է «Չորրորդ իշխանություն»-ը` հավելելով.-«Իսկ քաղաքական որոշմամբ «քրեական հանցագործներին» ազատ արձակել չի կարելի մի շատ պարզ պատճառով` եթե հասարակությունն ընդունում է, որ կարելի է «քրեական հանցահործներին» քաղաքական որոշումով ազատ արձակել, ուրեմն պիտի ընդունի, որ քաղաքական որոշումով կարելի է նաեւ մարդկանց քրեական հոդվածներով ազատազրկել: Իհարկե, ռեժիմը հենց այդպես էլ արել է»,- «Չորրորդ իշխանության» կարծիքով,-«ընդդիմության ղեկավարներին եւ ակտիվիստներին քրեական հոդվածներով կալանավորելու քաղաքական որոշում է ընդունել: Բայց սա նշանակում է, որ համաներման որոշումով ռեժիմն ընդունում է այդ փաստը»:

«Լեւոն Տեր-Պետրոսյանի որդին դեռ գտնվում է ԱՄՆ-ում»,-գրում է «Հրապարակ»-ը: -«Թեւ Դավիթ Տեր-Պետրոսյանը շատ է ուզում վերադառնալ Հայաստան, սակայն հարազատները, այդ թվում` Տեր-Պետրոսյանը, դեմ են վերադարձին եւ նրան հորդորում են մնալ ԱՄՆ-ում: Այդ կապակցությամբ ընդդիմության շրջանում անգամ դժգոհություններ են հասունացել»,-տեղեկացնում է «Հրապարակ»-ը,-«թե ինչո՞ւ է Տեր-Պետրոսյանն իր որդուն ուղարկել ապահով տեղ, իսկ իրենք` իրենց ընտանիքների հետ միասին, ապրում են վտանգի ու հետապնդումների ռեալ մթնոլորտում»:

«Այն, ինչ նոյեմբերի 2-ին համատեղել էր Հայաստանի եվ Ադրբեջանի նախագահներին Մոսկվայում` ՌԴ-ն նախագահի հրավերով եւ ստորագրված հռչակագրով, երեկ ավելի պարզ ու հստակ ձեւակերպում ստացավ Ռուսաստանի նախագահի ամենամյա ուղերձում` ՌԴ Դաշնային ժողովի առաջ: «Ռուսաստանը Կովկասում չի նահանջի»,- ավելի շուտ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի այս խոսքերն են այն հիմնական բնութագրականը, որ հիմք դարձավ Մոսկվա հրավիրելու Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին` այն էլ` ավարտին հռչակագիր ստորագրելով:»

«ԼՂ-ի հիմնախնդրի վտանգավոր գործընթացը հնարավոր է վիժեցնել միայն իշխանափոխությամբ»,-«Հայք»-ին ասել է Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը: -«Այսօր Սերժիկ Սարգսյանը Քոչարյանի սկսած գործընթացի իրավահաջորդն է: Նրանք ի վիճակի չեն որեւէ մեկին «ոչ» ասել ԼՂ-ի հարցում:»

Ուստի Սեֆիլյանը ասել է, որ համոզված է, թե.«Տեր-Պետրոսյանը իր հայտարարած դադարը կդադարեցնի»: Նրա կարծիքով` միայն բազմահազարանոց ժողովուրդը կարող է աշխարհին ասել` այս ի՞նչ եք անում:

«Հայկական Ժամանակ»-ի մեկնաբանը նշում է.«Ռոբերտ Քոչարյանի իշխանությունն իր միակ ապահովությունը գտնում էր Ղարաբաղյան հարցի լուծման հետաձգման մեջ: Սերժ Սարգսյանին էլ իրավահաջորդ դառնալուց առաջ թվացել էր, որ նախագահի աթոռի հետ անսպառ ռեսուրսը եւս ժառանգելու է»:

«Թվացել էր»,-շարունակում է մեկնաբանը,-«թե կարելի է լինել ոչ լեգիտիմ, լինել հասարակության կողմից չընդունված ու ղարաբաղյան կարգավորման խաղաքարտերը ձեռքին հինգ կամ գուցե երկու անգամ հինգ տարի կառավարել մի երկիր, որը մեծ հաշվով չի արժանանում դրսի աշխարհի ուշադրությանը»:

«Սերժ Սարգսյանի ռեսուրսը դադարել էր գոյություն ունենալ փետրվարի 20-ին»,-«Հայկական Ժամանակ»-ում կարծիք է հայտնում Տիգրան Պասկեւիչյանը,-«երբ Հայաստանի ԿԸՀ-ն հայտարարեց նախագահական ընտրությունների արդյունքն ու նախագահ հռչակեց Սերժ Սարգսյանին: Այդ օրը պարզվեց, որ հետաձգումը Ռոբերտ Քոչարյանի սեփականությունն էր»:

«Մեր թերթի թղթակից Լուսինե Բարսեղյանի աչքից երեկ չի վրիպել ԱԱԾ-ի սենյակներում կախված Ֆելիքս Ձերժինսկու նկարը: Իր հրապարակման առիթով ԱԱԾ հարցաքննության կանչված Լուսինե Բարսեղյանը` քննիչ Աղաջանյանի սենյակում, որտեղ եւ անցկացվել է հարցաքննությունը, կախված չի տեսել Ձերժինսկու նկարը: Քննիչն ասել է, որ ինքը նման բաներ չի սիրում` ակնարկելով պատից Ձերժինսկու նկար կախելը: Սակայն, ԱԱԾ քննիչի «սեյֆերի» արանքում խնամքով թաքցված է եղել նույն Ձերժինսկու` նոր շրջանակով նկարը, որի վրա, ի դեպ, փոշի նստած չի եղել:»-գրում է «Հայկական Ժամանակ»-ը:

«Առավոտ»-ը նոր մանրամասներ է հաղորդում նոյեմբերի մեկին Գյումրիի քաղաքապետի թեկնածու Մարտուն Գրիգորյանի թիմակից` 28-ամյա Արտակ Մանուկյանի դանակահարության վերաբերյալ: Թերթի տեղեկություններով` դանակահարողը Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եղբոր տղան է` Վահե Ղուկասյանը: Նա ընտրություններում իրենց «պադերզժկա» չանելու եվ հակառակորդի կողմն անցնելու համար փորձել է վրեժ լուծել:


Աստղիկ Բեդեւյան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG