Մատչելիության հղումներ

logo-print

Այսօր Անկարայում կմեկնարկեն Իլհամ Ալիեւի հանդիպումները Թուրքիայի ղեկավարության հետ


Այսօր Անկարայում կմեկնարկեն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հանդիպումները Թուրքիայի ղեկավարության, մասնավորապես` նախագահ Աբդուլա Գյուլի եւ վարչապետ Ռեջեփ Էրդողանի հետ:

Ալիեւը ելույթ կունենա Թուրքիայի խորհրդարանում, ինչպես նաեւ կմասնակցի Անկարայում Հեյդար Ալիեւի անունը կրող փողոցի բացման արարողությանը:

Ադրբեջանցի քաղաքագետ Զարդուշտ Ալիզադեի խոսքով` Ալիեւի հանդիպումների գլխավոր թեման ղարաբաղյան կարգավորումն է լինելու եւ կիրակի օրը Մոսկվայում ստորագրված հռչակագիրը:

«Ըստ ամենայնի, Իլհամ Ալիեւը պատրաստվում է ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ առաջիկա համաձայնագրի մանրամասները քննարկել Գյուլի եւ Էրդողանի հետ: Կարծում եմ, որ Սերժ Սարգսյանն էլ Փարիզում նույն նպատակով էր հանդիպում Նիկոլա Սարկոզիի, այսօր էլ Բրյուսելում` եվրոպական ղեկավարության հետ: Կարծում եմ, Ալիեւը Անկարայում փորձում է թուրքական երաշխիքներ ստանալ, Սարգսյանն էլ եվրոպացիներից է փորձում կարգավորման այս փուլում երաշխիքներ կորզել: Այս ամենը, սակայն, երկրորդական է` առաջնահերթը Ռուսաստանի որոշումն է», - նշել է ադրբեջանցի քաղաքագետը:

«Ռուսաստանի որոշում» ասելով` Ալիզադեն, նախեւառաջ, նկատի ունի այն հանգամանքը, որ օգոստոսյան պատերազմից հետո պաշտոնական Մոսկվան ստանձնել է ղարաբաղյան կարգավորման հարցում միանձնյա միջնորդի դերը. - «Ռուսաստանը կարող է այնպես անել, որ թե' Հայաստանի եւ թե' Ադրբեջանի շահերը ապահովված լինեն: Մոսկվան կարող է ցույց տալ, թե ինչպես է գործնականում հնարավոր միատեղել երկու` այժմ անհամատեղելի թվացող սկզբունքները` տարածքային ամբողջականությունն ու ազգերի ինքնորոշման իրավունքը: Կարծում եմ, այդ դեպքում պետք է համակերպվել փոխզիջման հետ, ինչը օգտակար կլինի թե' Հայաստանի եւ թե' Ադրբեջանի համար»:

Ադրբեջանցի վերլուծաբանի գնահատմամբ` ղարաբաղյան կարգավորման գործընթացի ներկայիս ակտիվացման հիմքում կրկին էներգակիրներն են: Նրա խոսքով` պաշտոնական Մոսկվան Ադրբեջանին համեմատաբար շահավետ կարգավորման տարբերակ կարող է առաջարկել, փոխարենը պահանջելով «Գազպրոմ»-ին վաճառել Կասպից ծովի ադրբեջանական հատվածում արդյունահանվող գազի ամբողջ ծավալը: Ալիզադեն գտնում է, որ նման սակարկությունները կարող են բավական արագացնել իրադարձությունների ընթացքը:

«Ռուսաստանը Ադրբեջանից գազը հիմա է պահանջում: Հենց այնպես, բնականաբար, Ադրբեջանը գազը ռուսներին չի վաճառի: Իսկ հստակ համաձայնագրի եւ միջազգային երաշխիքների առկայության դեպքում Բաքվում կարող են համաձայնել դրան, ինչը, իհարկե, դուր չի գա Արեւմուտքին, դուր չի գա Միացյալ Նահանգներին», - ընդգծել է ադրբեջանցի քաղաքագետը` ամփոփելով. - «Կարգավորում գազի դիմաց» բանաձեւի կիրառման դեպքում Արեւմուտքը կարող է խաչ քաշել Nabucco գազատարի շինարարության նախագծի վրա»:


Գեւորգ Ստամբոլցյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG