Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանը հանդիպել է Նիկոլա Սարկոզիի հետ


Փարիզ կատարած աշխատանքային այցի շրջանակներում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը երեկ օրվա երկրորդ կեսին հանդիպում է ունեցել Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի հետ: Հայաստանի նախագահի պաշտոնում սա Սերժ Սարգսյանի առաջին հանդիպումն էր Նիկոլա Սարկոզիի հետ:

Հայաստանի նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ` երկու երկրների ղեկավարների բանակցությունների օրակարգում հայ-ֆրանսիական բարեկամական հարաբերությունների հետագա խորացմանը, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի արդի փուլին, հայ-թուրքական երկխոսությանը, տարածաշրջանում տեղի ունեցած վերջին իրադարձություններին, Հայաստան-Եվրամիություն համագործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ էր:

Նախագահները գոհունակություն են հայտնել ավանդական ջերմ ու բարեկամական հարաբերությունների շարունակականության առթիվ եւ պայմանավորվածություն ձեռք բերել շարունակելու բարձր մակարդակի շփումները, ինչը կնպաստի հայ-ֆրանսիական բարեկամության է'լ ավելի խորացմանը:

Սերժ Սարգսյանը եւ Նիկոլա Սարկոզին դրական են գնահատել երկու երկրների միջեւ ապրանքաշրջանառության ծավալների արձանագրված աճը` պատրաստակամություն հայտնելով անհրաժեշտ քայլեր ձեռնարկել երկկողմ տնտեսական գործակցության խորացման ուղղությամբ:

Հայաստանի նախագահն ընդգծել է Ֆրանսիայի` որպես ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահող երկրի, կարեւոր դերակատարությունը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործում: Ֆրանսիայի նախագահն իր աջակցությունն է հայտնել հակամարտության կարգավորման դիվանագիտական ջանքերին եւ հայ-թուրքական քաղաքական ընթացող երկխոսությանը:

Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Նիկոլա Սարկոզիին` Հայաստանին Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության ասոցիացված անդամի կարգավիճակ շնորհելու գործում Ֆրանսիայի ցուցաբերած աջակցության համար: Երկու երկրների ղեկավարները ընդգծել են Ֆրանսիայի հայ համայնքի դերը հայ-ֆրանսիական բարեկամության ամրապնդման գործում:

Նույն օրը առավոտյան Հայաստանի նախագահը հանդիպումներ էր ունեցել Ֆրանսիայի վարչապետ Ֆրանսուա Ֆիյոնի եւ Սենատի նախագահ Ժերար Լարշեի հետ, որոնց ժամանակ քննարկվել է հայ-ֆրանսիական հարաբերությունների հետագա զարգացմանը, տնտեսական գործակցության խորացմանը, միջխորհրդարանական համագործակցության եւ շփումների ակտիվացմանը, տարածաշրջանային զարգացումներին, ինչպես նաեւ Հայաստան-Եվրամիություն համագործակցությանը վերաբերող հարցերի ընդգրկուն շրջանակ: Սենատում Սերժ Սարգսյանը գրառում է կատարել պատվավոր հյուրերի մատյանում:

Հայաստանի նախագահը հանդիպել է նաեւ աշխարհահռչակ շանսոնիե, Հայաստանի Ազգային հերոս Շառլ Ազնավուրի հետ:

Ֆրանսիա կատարած այցի ավարտին Սերժ Սարգսյանը հարցազրույց է տվել ֆրանսիական մի քանի առաջատար լրատվամիջոցների:

Նոյեմբերի 5-6-ը Հայաստանի նախագահը աշխատանքային այց կկատարի Բրյուսել, որտեղ նախատեսված են հանդիպումներ Բելգիայի եւ եվրոպական կառույցների բարձրաստիճան պաշտոնյաների հետ:


(Լուսանկարը` նախագահի մամլո գրասենյակի)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG