Մատչելիության հղումներ

Նոյեմբերի 4-ի ընտրությունների նախնական արդյունքներով, Միացյալ Նահանգների 44-րդ նախագահ է ընտրվել Դեմոկրատական կուսակցության թեկնածու Բարաք Օբաման:

Ընտրատեղամասերի 93 տոկոսում ձայների հաշվարկի արդյունքներով, Օբաման ստացել է շուրջ 61,2 միլիոն կամ ընտրողների 52 տոկոսի քվեները եւ արդեն իսկ ապահովել է Ընտրական կոլեգիայի 338 անդամների ձայները` պահանջվող 270-ի փոխարեն:

Հանրապետական կուսակցության թեկնածու Ջոն ՄըքՔեյնի օգտին քվեարկել է մոտ 54,7 միլիոն ընտրող կամ ընտրողների 47 տոկոսը, եւ Ընտրական կոլեգիայում նա ապահովել է 163 ձայն:

Վաղ առավոտյան ելույթով հանդես եկավ Ջոն ՄըՔեյնը` ընդունելով ընտրություններում իր պարտությունը եւ շնորհավորելով մրցակցին հաղթանակի կապակցությամբ:

Նրանից մոտ մեկ ժամ անց իր համակիրների հոծ բազմության առջեւ ելույթ ունեցավ Բարաք Օբաման` երախտագիտություն հայտնելով ընտրողներին, իր թիմի ներկայացուցիչներին, իր ընտանիքին, ինչպես նաեւ ընտրություններում իր հանրապետական մրցակցին:

Կալիֆորնիայի ընտրատեղամասերի 77 տոկոսում ձայների հաշվարկման արդյունքներով` Օբաման համոզիչ հաղթանակ է տարել հայաշատ այս նահանգում, որը ամենաշատ ներկայացուցիչներն ունի Ընտրական կոլեգիայում` 55 պատվիրակ:

Ինչպես Սենատում իր գործունեության ընթացքում, այնպես էլ նախագահական ընտրարշավում Բարաք Օբաման բազմիցս հանդես է եկել ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչման օգտին եւ խոստացել է նախագահ ընտրվելու դեպքում ճանաչել ցեղասպանությունը:

Օբաման առաջին սեւամորթն է, ով ընտրվում է Միացյալ Նահանգների նախագահ:

Նախագահական ընտրություններին զուգահեռ` Կոնգրեսում մի շարք տեղերի համար անցկացված ընտրությունների նախնական արդյունքները վկայում են, որ Դեմոկրատական կուսակցությունը կուժեղացնի իր վերահսկողությունը ինչպես Սենատում, այնպես էլ Ներկայացուցիչների պալատում: Կանխատեսվում է, որ 100-տեղանոց Սենատում դեմոկրատների թիվը կհասնի 56-ի, իսկ 435-տեղանոց Ներկայացուցիչների պալատում մինչ այժմ նրանց ունեցած 25 տեղի առավելությունը կհասնի 36-ի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG