Մատչելիության հղումներ

Ջհանգիրյանի դատավարությունը շարունակվում է


Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում Հայաստանի գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանի գործով դատավարությունը այսօր շարունակվեց տուժող ճանաչված 6-րդ վարչության երկու աշխատակիցների` Արման Հարությունյանի եւ Տիգրան Աղվանյանի ցուցմունքներով:

Ըստ քրեական գործ նյութերի` Գագիկ Ջհանգիրյանը բռնություն է գործադրել տուժողների նկատմամբ, պատռել է Տիգրան Աղվանյանի հագուստը, իսկ Արման Հարությունյանին հարվածել է:

Մեղադրող Կորյուն Փիլոյանի գնահատմամբ` այն փաստը, որ պատռվել է Տիգրան Աղվանյանի հագուստը, «դա բռնության արտահայտություններից մեկն է»:

Ի պատասխան «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե այդ դեպքում ինչո՞ւ քրեական պատասխանատվության չեն ենթարկվում այն ոստիկանները` ովքեր մարտի 1-ին բռնության էին գործադրում` ոտքերով ու ձեռքերով ծեծելով ոստիկանական մեքենաներն էին մտցնում շարքային քաղաքացիներին, մեղադրող Փիլոյանը պատասխանեց. - «Ես չգիտեմ, թե դուք դա որտեղից եք վերցրել, որ [բռնություն գործադրած ոստիկանները] չէին ենթարկվում [պատասխանատվության]: Քննությունը շարունակվում է, դեռ ավարտված չէ: Երբ որ ավարտված կլինի նոր ձեր հարցը տեղին կլինի»:

Ըստ քրեական գործի` Գագիկ Ջհանգիրյանը կամավոր հանձնել է իրեն ամրագրված օրինական զենքը, Արգավանդի խաչմերուկում առանց բռնություն գործադրելու իր մեքենայից տեղափոխվել է ոստիկանական ավտոմեքենա: Ուստի հարց է ծագում` ինչո՞ւ հենց տեղ հասնելուց հետո Ջհանգիրյանը բռնություն գործադրեց ոչ թե իրեն բերման ենթարկողների, այլ դեպի 6-երորդ վարչության շենք ուղեկցող երկու ոստիկանների նկատմամբ:

Այսօր դատարանում երկու տուժողները հակասական ցուցմունքներ էին տալիս:

Գագիկ Ջհանգիրյանի շահերի պաշտպան Լուսինե Սահակյանը ասաց. - «Նրանց ցուցմունքներով ակնհայտորեն հիմնավորվեց, որ նրանք սուտ ցուցմունք են տալիս դատարանում, եւ Գագիկ Ջհանգիրյանը որեւէ անօրինական գործողություն չի ձեռնարկել»:

Գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանին ձերբակալելուց հետո մեղադրանք առաջադրեցին ապօրինի զենք կրելու համար: Հետո այդ մեղադրանքը հանվեց ու առաջադրվեց պետական իշխանությունը յուրացնելու հատկանիշներով մեղադրանք: Դատարան ուղարկելուց առաջ այս մեղադրանքն էլ հանվեց ու մնաց իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքը:


Կարինե Քալանթարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG