Մատչելիության հղումներ

Մեթյու Բրայզա. «Մոսկովյան հռչակագիրը նշանակալի իրադարձություն է»


ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան «նշանակալի իրադարձություն» է որակել նոյեմբերի 2-ին Մոսկվայում Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների ստորագրած հռչակագիրը:

«Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահները հաստատեցին Մինսկի խմբի շրջանակներում Լեռնային Ղարաբաղի հակամարտության քաղաքական կարգավորման ուղղությամբ քննարկումները աշխուժացնելու մտադրությունը, ներառյալ հիմնարար սկզբունքները, որոնք մենք քննարկել եւ մշակել ենք վերջին երեք տարիների ընթացքում», - ասել է Բրայզան APA գործակալությանը տված հարցազրույցում:

Նրա խոսքերով, «Մինսկի խմբի համանախագահներին պետք էր Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների այդ աջակցությունը` բանակցային գործընթացը ավելի արագ առաջ մղելու համար»:

Մեկնաբանելով այն կարծիքը, թե Միացյալ Նահանգները մի կողմ է մնացել ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցություններից, իսկ Ռուսաստանը ստանձնել է նախաձեռնությունը այդ հարցում, Մեթյու Բրայզան վստահեցրել է. - «ԱՄՆ-ը շատ ակտիվ է բանակցությունների առաջխաղացման նպատակով Մինսկի խմբի եւ Ադրբեջանի եւ Հայաստանի առաջնորդների հետ աշխատանքում: Երբեմն մեր ջանքերը այնքան էլ նկատելի չեն, երբեմն ավելի տեսանելի են: Անցած շաբաթ Ռուսաստանը որոշեց գնալ իր ջանքերի ավելի մեծ տեսանելիության, նկատելիության ճանապարհով եւ օգնեց նախապատրաստել հռչակագիրը: Սակայն արդյունքը ի հայտ եկավ նաեւ Մինսկի խմբի բոլոր համանախագահների աշխատանքի շնորհիվ»:

Նա հաստատել է, որ Մինսկի խմբի համանախագահները տվյալ պահին ունեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ծրագիր. - «Համանախագահները մշակել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հայեցակարգը: Եվ դրա հիմնարար սկզբունքները կազմվել են անցած տարվա նոյեմբերին` ԵԱՀԿ-ի մադրիդյան գագաթնաժողովում, դրանք այսպես կոչված «Մադրիդյան սկզբունքներն» են: Կարեւոր է հիշել, որ «Մադրիդյան սկզբունքները» պարունակում են միայն հիմնական սկզբունքները, որոնք կարող են լրացվել կամ փոփոխվել Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների կողմից ուղղակի բանակցությունների ընթացքում»:

Բրայզան հայտնել է, որ «համանախագահները առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում կայցելեն տարածաշրջան` հանդիպելու երկու երկրների նախագահների հետ եւ նախապատրաստվելու դեկտեմբերի սկզբին Հելսինկիում կայանալիք ԵԱՀԿ-ի նախարարական հանդիպմանը»:

«Հուսով ենք, որ այդ հանդիպումների շրջանակներում կկարողանանք օգնել կողմերին` պայմանավորվելու Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների հաջորդ հանդիպման վերաբերյալ», - ասել է Մինսկի խմբի ամերիկացի համանախագահը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG